Եվրախորհրդարանում քննարկվել է հայ – թուրքական թեման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ – թուրքական արձանագրությունների ստորագրումից չորս տարի անց Եվրախորհրդարանում դեռ քննարկում են հայ – թուրքական հարաբերություններն ու սահմանի բացման հարցը:
“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ, եվրոպացի պատգամավորներն այս անգամ եկել էին լսելու Թուրքիայից հրավիրված լրագրող Չենգիզ Աքթարի եւ Հայաստանից քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի ելույթներն այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է վերադարձնել արձանագրությունները քննարկման սեղանին, եւ որո՞նք են հնարավոր քայլերը, որ կտանեն հայ – թուրքական հարաբերությունների բարելավմանը:
Թուրք լրագրողը նշել է, որ Թուրքիայում շարունակում է մեծ դեր խաղալ ադրբեջանական գործոնը: “Ցանկացած բան, որ կապ ունի Հայաստանի հետ հարաբերությունների հետ, անմիջապես հանդիպում է ադրբեջանական ճնշումներին”, – ասաց Աքթարը` հիշեցնելով Երեւան – Վան չվերթների կասեցումը:
“Ադրբեջանցիների դիրքորոշումն այս հարցում հստակ է` Թուրքիան չպետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի տալիս Լեռնային Ղարաբաղը”, – շարունակեց թուրք լրագրողը:
Եվրամիությունում Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում: “Մենք ուզում ենք տեսնել որոշ զիջողական քայլեր”, – հայտարարել է նա:
“Հայկական կողմից մենք որեւէ քայլ չենք տեսել, այնպես որ՝ մենք չենք կարող քաղաքական վակուումում շարժվել: Սակայն եթե մենք տեսնենք դրական քայլ, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, որոշ տարածքների հանձնում, սա անպայման պատասխան դրական քայլի կարժանանա”, – ասել է Յենելը՝ հավելելով․ – “Այս ուղերձը գաղտնիք չէ, մենք մի քանի անգամ այն հնչեցրել ենք, այնպես որ՝ մեր ուզածը դրական ժեստն է, որով հայերը իրենք իրենց կօգնեն, եւ մեր հարաբերությունները կնորմալանան”:
Հարցին, թե ինչու է դեսպանը վստահ, որ հարաբերությունների բարելավումից կշահի Հայաստանը, Եվրամիությունում Թուրքիայի դեսպանը պատասխանեց. – “Մենք բոլորս կշահենք դրանից: Չեմ ուզում հաշվարկներ անել, սակայն դա լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի եւ թե՛ միջազգային հանրության համար: Մենք դրական փոփոխությունների կարիք ունենք, եւ հենց սրանով էլ կարելի է սկսել”:
“Համաձա՞յն եք այստեղ հնչած այն պնդմանը, որ ադրբեջանական իշխանությունները մեծ ազդեցություն ունեն հայ – թուրքական հարաբերությունների հարցում”, – այս հարցին էլ թուրք դիվանագետը արձագանքել է․ – “Մենք միգուցե երկու տարբեր երկրներ ենք, բայց մի ժողովուրդ ենք: Մենք չենք կարող չնայել Ադրբեջանի կողմը: Դա մեր ամենամտերիմ երկիրն է, եւ մենք պետք է ուշադրություն դարձնենք նրանց: Մենք տեսնում ենք, որ նրանց հանդեպ անարդար են վարվել, եւ դա շտկելու համար մենք սպասում ենք Հայաստանի քայլերին: Սա ոչ թե պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ով ում վրա իշխանություն ունի, այլ արդարության տեսակետից”:




Լրահոս