ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին քաղբանտարկյալ Ժորա Սափեյանին պատկանող Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի գազալցակայանը թեեւ գործում է, սակայն կանգնել է լուրջ տուգանքների առաջ: Պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է: Մատից հոտ քաշելու սկզբունքով կայացված դատավճիռների արդյունքում Սափեյանին այսօր հալածում են:
Ի՞նչ է տեղի ունեցել:
2008-ի ձմռանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հավաքները Թալինում մեծ շուքով կազմակերպելու համար կալանավորված Ժորա Սափեյանն ընկել է դատական իշխանության լարած ծուղակը: Ժ. Սափեյանը, որ «Սափեյան եղբայրներ» ընկերության սեփականատերն է, Կաթնաղբյուր գյուղում մի գազալցակայան ունի, որի գործունեությունը վտանգված է, քանի որ խոշոր տուգանք են նշանակել:
Մեր զրուցակցի պատմելով՝ իրեն պատկանող ԱԳԼՃԿ-ում գոյություն ունի հաշվիչ, որը հաշվարկում է, թե ինչքան գազ է մտնում գազալցակայան: «Հայռուսգազարդ» ընկերության կողմից այդ հաշվիչը, ըստ կարգի, ամեն անգամ համարակալվել է: Սովորաբար, երբ հաշվիչը բացվում է նոր կնիք դնելու համար, «Հայռուսգազարդ»-ի կողմից կազմվում է արձանագրություն:
«2011թ. դեկտեմբերի 14-ին հերթական անգամ, երբ եկել են իմ գազալցակայան՝ հաշվիչը ապամոնտաժելու ու ստուգաչափման տանելու, պարզվել է, որ գազահաշվիչի հոսքաուղղիչ սարքը ձգող չորս պտուտակներից մեկը թույլ է ձգված, ու կազմվել է փորձագիտական եզրակացություն, որի վրա նշված է եղել միայն արտաքին միջամտությունը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Արագածոտնի ԳԳՄ-ն էլ, կարծելով, թե իբր մենք միտումնավոր ենք գազահաշվիչի հոսքաուղղիչի մեկ պտուտակը թուլացրել, ինչի հետեւանքով սխալ հաշվարկ է իրականացվել, ընկերությանն առաջադրել է 7,5 մլն դրամի պարտավորություն»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Սակայն «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, չընդունելով «Հայռուսգազարդ»-ի հիմնավորումը, դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 7,5 մլն դրամի պարտավորությունը կատարելու որոշումն անվավեր ճանաչելու համար:
Ժ. Սափեյանի խոսքով՝ դատարանում Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետ Սուրեն Վարդանյանը գործի քննության ընթացքում ներկայացրել է, որ առկա չորս պտուտակներից մեկի թույլ ձգված լինելը կամ նույնիսկ բացակայությունը չէր հանգեցնի եւ չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման: «Ավելին, սարքի ապամոնտաժումն իրականացրած անձինք` Վարդան Տոնապետյանը եւ Հովհաննես Գրիգորյանը, որպես վկա դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ հանված գազահաշվիչի կնիքներն ամբողջական են եղել, փոխված չեն եղել, արտաքին վնասվածքներ եւ անսարքություններ էլ չեն եղել»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ համապատասխան մասնագետների եզրակացությունների հիման վրա վճիռ է կայացրել՝ հօգուտ Ժ. Սափեյանի՝ հաստատելով, որ պտուտակի թույլ լինելը չէր կարող «գազ գողանալու», հետեւաբար «Հայռուսգազարդ»-ին սխալ հաշվարկ ներկայացնելու հնարավորություն տալ:
«Հայռուսգազարդ»-ի Արագածոտնի ԳԳՄ-ն վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ խնդրելով բեկանել այն: Դատարանը բավարարել է ընկերության դիմումը եւ գործն ուղարկել լրացուցիչ քննության: Ու այստեղից «սկսվել է կինոն»:
Նույն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որը «ճիշտ էր հանել» Սափեյանին՝ հենվելով մասնագետների կարծիքի վրա, երկրորդ անգամ նույն գործը քննելով, միանգամայն այլ որոշում է կայացրել: Այստեղից հստակ երեւում է, թե ինչպես են դատավորին «վերեւներից» հրահանգել հակառակ վճիռ կայացնել:
«Արագածոտնի դատարանը երկրորդ քննության ժամանակ անտեսեց մի շարք հանգամանքներ, նենգափոխեց փորձագետների ներկայացրած ցուցմունքները եւ հօգուտ  «Հայռուսգազարդ»-ի վճիռ կայացրեց: Հիմա ես եմ դիմել ՀՀ վերաքննիչ դատարան եւ հավաստի տեղեկություն ունեմ, որ նախագահող դատավոր Լ. Գրիգորյանը, ինչպես նաեւ դատավորներ Գ. Մատինյանը եւ Ա. Թումանյանը որոշել են մերժել իմ հայցը եւ որոշում կայացնել հօգուտ «Հայռուսգազարդ»-ի: Համոզված եմ, որ այս պատմությունն այլ ընթացք ստացավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ձեռքով: Նրա անմիջական հրահանգով է: Նա այսպիսի խայտառակ ընթացք տվեց իմ գործին ու սպանեց այս մասով արդարությունը: Ես չեմ պատրաստվում լռել, դիմելու եմ Սերժ Սարգսյանին, որ տեսնի, թե ինչ է անում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորը: Կբացատրեմ, թե Մկրտումյանն ինչպես է ճնշում դատավորներին, որ նրանք, այլ ելք չունենալով, այսպիսի որոշում են կայացնում: Ինչպե՞ս կարող է նույն  դատավորը փորձագետի կարծիքը մի անգամ այլ կերպ ընկալել, մյուս անգամ՝ այլ: Սա հենց կոռուպցիա է, որի մասին պետք է բոլորն իմանան: Կարո՞ղ է՝ ուզում են մեր հացը մեր ձեռքից վերցնել: Ո՛չ: Չի լինելու նման բան: Ախր ակնհայտ է, որ իմ ընկերությունը միտումնավոր գործողություններ չի իրականացրել, մասնագետներն էլ իրենց գնահատականը տվել են: Մի՞թե արդարություն չկա մեր երկրում»,-հարցադրումով ամփոփեց պարոն Սափեկանը:
Արդարություն, իհարկե, կա մեր երկրում, բայց ընտրովի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս