ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանում եւ հատկապես Երեւանում բնակարանային խարդախության դեպքերին: Դեռեւս 2013 թվականին գրել էինք, թե ինչպես է 2011 թվականի նոյեմբերի 14-ին 58-ամյա Անժելա Պողոսյանը բնակարան է գնել եւ դարձել խարդախության զոհ:

Դեռեւս տարիներ առաջ Անժելա Պողոսյանը հայտնել էր, որ բրոքերի միջոցով տեղեկացել էր, որ Երեւանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 4-րդ շենքում բնակարան է վաճառվում: Բրոքերի ուղեկցությամբ նա գնացել եւ հանդիպել էր բնակարանի սեփականատիրոջ` Արմինե Հակոբյանի հետ եւ ցանկություն հայտնել գնել այդ բնակարանը: Գործարքը կայացել էր, եւ Անժելա Պողոսյանը 17 միլիոն դրամով գնել էր բնակարանը` նոտարական վավերացմամբ ու կադաստրի վկայականով դառնալով բնակարանի սեփականատերը:
«Երբ մենք Արմինե Հակոբյանի հետ նոտարական գրասենյակում օրինական կերպով ավարտեցինք մեր առքուվաճառքի գործարքը, բրոքերը մոտեցավ ինձ եւ հարցրեց, թե ինչքան ժամանակ եմ տալիս տան տերերին, որպեսզի նրանք լքեն բնակարանը: Ես պատասխանեցի, որ գարնանը պետք է վերանորոգեմ այն ու նոր տեղափոխվեմ»: Նոյեմբերին կողմերը պայմանավորվում են, որ գարնանը կազատեն տունը: Ու հենց այստեղից սկսվում է պատմությունը, քանի որ տան նախկին սեփականատերերն անընդհատ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են դուրս գալ: Մի կերպ, Աջափնյակի ոստիկանների օգնությամբ տունը ազատվում է, եւ բանալին հանձնվում օրինական սեփականատիրոջը:
2013 թվականի փետրվարի 15-ին Անժելա Պողոսյանին հրավիրում են Երեւանի ոստիկանություն եւ տեղեկացնում, որ իր նոր գնած բնակարանի վրա կալանք է դրվել, քանի որ այդ բնակարանը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա: Պարզվում է՝ ոմն Պայծառ Սարիբեկյան, ներկայանալով ոստիկանություն, հայտնել է, որ իր քույրը՝ Ալվարդ Սարիբեկյանը, կեղծ փաստաթղթերի միջոցով դարձել է իր հայրական տան միակ սեփականատերը: Ավելի ուշ վաճառել է բնակարանը՝ չտալով իր բաժնեմասը: Բայց բնակարանի բարեխիղճ գնորդ տիկին Անժելան մեզ հետ զրույցում շարունակեց պնդել, որ բնակարանը գնել է Արմինե Հակոբյանից, ու որեւէ առնչություն չունի Ալվարդ Սարիբեկյանի կամ Պայծառ Սարիբեկյանի հետ:
Եվ արդեն երեք տարի է, ինչ տիկին Անժելան պահանջում է, որ վերացնեն իր բնակարանի վրա դրված արգելանքը, որպեսզի կարողանա տնօրինել այն: Բայց արդեն 3 տարի է, ինչ շարունակվում են դատական գործընթացները:
Բացի այդ՝ 2013 թվականին Պայծառ Սարիբեկյանը, դիմելով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է չեղյալ հայտարարել բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անժելա Պողոսյանի փաստաբան Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ դատարանը պետք է մերժի Պայծառ Սարիբեկյանի հայցը: Իսկ թե ինչու պետք է մերժի, Անժելա Պողոսյանը մեզ հետ զրույցում տվել է հիմնավոր պատասխան. բնակարանի ձեռք բերման գործընթացը տեղի է ունեցել օրինական դաշտում:
Նշենք, որ այս դատական գործընթացները շարունակաբար ձգձգվում են, ինչը տան գնորդին անասելի զայրացնում է: Անժելա Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ. «Առուվաճառքի ժամանակ 17 միլիոն դրամով ձեռք եմ բերել այդ բնակարանը: Ներկայացված փաստերը թույլ են տվել ինձ եւ իրավաբաններին, նոտարին համոզվելու, որ նշված բնակարանը ձեռք եմ բերել գույքն օտարելու իրավունք ունեցող անձից: Բայց էնպիսի պատմություն սարքեցին, որ առողջությունս կորցրել եմ այս տան գնելուց հետո, անընդհատ սթրեսային վիճակների մեջ եմ: Վերջին հաշվով եթե կա արդարություն մեր երկրում, եթե գործում են օրենքները, ապա ինչու են անիմաստ ձգձգում դատական պրոցեսը: Եթե Պայծառ Սարիբեկյանն ինչ-որ խնդիր ունի, թող իր քրոջ հետ պարզաբանի: Չէ որ իր քույրը տունը վաճառել է Արմինեին, յուրացրել իր գումարը, թե ինչ արել, ինձ չի հետաքրքրում: Ես 3-րդ մարդ եմ այս պատմության մեջ, Արմինեին վճարել եմ 17 միլիոն դրամ եւ ձեռք բերել բնակարան: Ո՞րն է իմ մեղքը: Կարելի՞ է անմեղ մարդու արդար քրտինքը էսպես հարամ անել, փորձել յուրացնել ու կողոպտել քաղաքացուն: Ես բարեխիղճ գնորդ եմ համարվում, ինչու չեմ կարողանում տնօրինել իմ գույքը, լավ, քանի՞ տարի ես պիտի դատարանների դռներն ընկնեմ»:
Նկատենք, որ հիմա այս ապօրինության, խարդախության, խայտառակության ու էլի շատ բացասական բնորոշումներով բնութագրվող գործընթացի հանգույցը գտնվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի ձեռքին: Նա կա՛մ պետք է բարեխիղճ գնորդին վերադարձնի իր գնված գույքը տնօրինելու իրավունքը, կա՛մ շարունակի դատական պրակտիկան հագեցնել աբսուրդային դատավճիռներով` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ երկու քույրերի խարդախության պատմության թիկունքում ազդեցիկ մի մարդ կա, որն իր զանգով նախ քննիչներին, հետո էլ դատախազներին ու դատավորներին կարողանում է գործի հունը թելադրել, քանի որ «բաժնեմաս» է ստացել 17 մլն դրամից: Թե ում մասին է խոսքը, կներկայացնենք առաջիկայում` համապատասխան ճշգրտումներից հետո:
Հ. Գ. Իսկ ՀՀ վարչապետը խոսում է իշխանության նկատմամբ վստահության վերականգնման, երկրի ղեկավարը` կոռուպցիոն երեւույթների անթույլատրելիության մասին: Բայց չէ՞ որ հեռախոսազանգի միջոցով հարցեր լուծելն էլ կոռուպցիայի վառ դրսեւորում է` հովանավորչություն: Ինչո՞ւ պետք է քաղաքացին տուժի դրա հետեւանքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 29-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Սուրեն Մոսիյանը հանկարծամահ էր եղել:
Տեղեկացանք, որ մահացած զինվորը Բաքվից փախստականների ընտանիքից էր: Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, վերջինս ընտանիքի կրտսեր երեխան էր: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մահացած զինվորը մինչ բանակ զորակոչվելը մեջքի ծռվածության հետ կապված վիրահատության է ենթարկվել, որից որոշ ժամանակ անց, ըստ ամենայնի, ՊՆ համապատասխան բուժզննում անցնելուց հետո տրվել է եզրակացություն, որ զինվորը կազմ-պատրաստ է ծառայության: Սակայն ինչպես պարզվեց՝ զինվորը հանկարծամահ է եղել: Ըստ նախնական վարկածի՝ սրթի կաթված է ստացել` ինֆարկտ, իսկ թե ինչ կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո, ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, մայիսի ընթացքում արդեն երրորդ ժամկետային զինծառայողի մահվան դեպքն է գրանցվել: 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ թե ինչն է եղել զինվորի մահվան պատճառը, դեպքից մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեն չի հրապարակում: Ասել է, թե զինվորի մահվան հետ կապված մութ կետեր կան:
Այս դեպքի հաջորդ օրն էլ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողներ Հ. Գեւորգյանի եւ Գ. Կոսոբոգլյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության, ապա ծեծկռտուքի արդյունքում Կոսոբոգլյանը սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գեւորգյանի կրծքավանդակի հատվածին, ինչի հետեւանքով նա մահացել է: Վիճաբանության պատճառն էլ, ինչպես պարզվեց, միմյանց գումարտակների մասին արված անհարիր արտահայտություններն են եղել: Ահա, այսպիսի տխուր եւ մտահոգիչ պատկեր՝ պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի զինված ուժերում:
Նշենք, որ այս մահացության դեպքերը հակառակորդի կրակոցների հետ կապ չունեն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ՊՆ-ն՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման եւ դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա ե՛ւ ՏՀՏ, ե՛ւ ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ եւ համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն: Մրցույթում հաղթած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

 

 

ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ԱԳՆ-ն հակադարձել է Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբր «օգտագործվում են ռազմական նպատակներով»՝ ընդգծելով, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների եւ կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: «Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թվականին Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին», – ասված է Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունում:

 

 

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ
Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում երեկ տեղի է ունեցել նախնական զինվորական պատրաստականության կաբինետի անվանակոչության արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ այն անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտ Քյարամ Սլոյանի անվամբ: Հիշեցնենք, որ իր կատարած հերոսության համար ՀՀ նախագահի հրամանագրով Քյարամ Սլոյանն արժանացել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի: Անվանակոչված կաբինետում բացվել է Քյարամ Սլոյանի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Սեւակը:




Լրահոս