Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը ընթացքի մեջ է: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից, որի արժեքն է 101 մլն եվրո:
Ծրագրի նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հիմնական տարանցիկ մայրուղին։
Նշենք, որ Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)` հասնում մինչև Բագրատաշենի սահմանակետ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:
Նախագծով նախատեսված հիմնական շինարարական աշխատանքների ընթացքում կկատարվեն հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։ Այդ ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն. կիրականացվեն կարգավորիչ պատերի վերակառուցման, թռիչքային կառուցվածքի լայնացման, մայթերի կառուցվածքների փոխարինման, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ:
Ծրագրով նախատեսվում են նաև Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին գտնվող երեք թունելների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի երկու թունելներում՝ անհրաժեշտ բարձրությունն ապահովելու համար, իրականացվելու են հատակի իջեցման, ինչպես նաև մայթերի, անվտանգության խորշերի կառուցման, ճակատային մասերի վերակառուցման, բետոնե պատերի հիմքերի լրացման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ:
Իսկ 30,579 կմ հատվածում գտնվող թունելն ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության և բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին: Բացի այդ, այստեղ կիրականացվեն նաև թունելի երեսպատման, մայթերի և անվտանգության խորշերի կառուցման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության և անվտանգության համակարգի տեղադրման, նոր ճակատային մասերի, մերձթունելային հրապարակի և պատերի կառուցման և մի շարք այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում:
Նշված ճանապարհահատվածում 2016թ. բարեկարգման և սպասարկման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ այն հիմնանորոգվելու է։
Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին նախատեսվող շինարարական աշխատանքներն աննախադեպ են։
ՀՀ կառավարության ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից դեռևս անցած տարի առաջնահերթ միջոցառումներ են ձեռնարկվել՝ ֆինանսական ներդրումներ ներգրավելու և այս խոշոր շինարարությունը սկսելու համար։ Ծրագիրը ֆինանսավորելու համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ։
Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհը փակվելու է։ Այդ նպատակով անցած տարի հիմնովին նորոգվել է Ստեփանավանով անցնող շրջանցիկ ճանապարհը։ Այդ ուղղությամբ այլ շրջանցիկ ճանապարհների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Համամիտ լինելով այն բոլոր հրապարակումների հետ, որ այս ճանապարհը տասնամյակներ շարունակ արմատական վերանորոգման կարիք է ունեցել, հորդորում ենք մեր բնակչությանը ըմբռնումով մոտենալ սկսվող լայնածավալ վերակառուցման աշխատանքների ընթացքում հնարավոր օբյեկտիվ դժվարություններին , քանի որ ամեն ինչ արվելու է միջպետական այս կարևոր ճանապարհն իր բոլոր բաղադրիչներով ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու և արագ ավարտին հասցնելու համար։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն