Շարունակվում են միջպետական ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղանակների բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսալցման աշխատանքները։

Աշխատանքներ են իրականացվում նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին։

Ճանապարհի բարեկարգումը արագ ավարտելու նպատակով միջպետական մայրուղու այս հատվածում աշխատում են ճանապարհաշինական 9 կազմակերպություններ։

Այստեղ է տեղափոխվել նաև լրացուցիչ տեխնիկա: Ճանապարհի բարեկարգման աշխատանքները գտնվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ամենօրյա հսկողության տակ:

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու ողջ երկայնքով, ըստ անհրաժեշտության, իրականացվում են բիտումապատման և փոսալցման աշխատանքներ:

Ճանապարհի 65-91կմ տարածքն ընդգրկող Արարատի տարածաշրջանի ճանապարհահատվածում բարեկարգման աշխատանքներն իրականացնում են «Արարատի ճանշին» ՍՊ ընկերության աշխատակիցները։

Այստեղ ճանապարհի անբարեկարգ հատվածների փոսալցումներն արդեն ավարտվել են, և այս ճանապարհահատվածով անցնող ցանկացած անցորդ կնկատի, որ իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ:

«Արարատի ճանշին» ՍՊ ընկերության աշխղեկ Արարատ Հակոբյանի խոսքով՝ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ կարողանում են կատարել բավականին ծավալուն աշխատանքներ:

Փոսալցման աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայքի տարածաշրջանում: Ճանապարհների սպասարկումն այստեղ իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՍՊ ընկերությունը: Աղվան Դավթյանն այս ընկերությունում որպես ճանապարհաշինարար աշխատում է արդեն 33 տարի:

Բազմամյա փորձ ունեցող վարպետը վստահեցնում է, որ ճանապարհը բարեկարգելու համար արվում է ամեն ինչ:

«Սիսիանի բուատ» կազմակերպության մոտ 60 աշխատակիցների ջանքերով Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի Սիսիանի զանգեր – Գորիսի սահման ճանապարհահատվածում իրականացվում են փոսալցման աշխատանքներ:

«Սիսիանի բուատ» ճանապարհաշինական ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեծ ծավալի փոսերի առաջացման պատճառն այն է, որ ճանապարհը երկար ժամանակ՝ մոտ 15 տարի, չի հիմնանորոգվել:

Բայց ընկերության աշխատակիցներն ամենօրյա երկարաժամ աշխատանքի ընթացքում աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի իրենց սպասարկմանը տրամադրված 52 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածը արագ բարեկարգվի։

«Կատարվել է շուրջ 45000 քմ փոսակտրման աշխատանք։ Օրական կատարվում է մոտ 3000 քմ փոսալցում։ Ընկերության տեխնիկական պարկը լրիվ հագեցված է. ցանկացած տեխնիկա ունենք՝ առավելագույն չափով աշխատանքները կատարելու համար»,- ասաց ընկերության տնօրենը:

Նշենք նաև, որ փոսալցման աշխատանքներն ավարտելուց հետո ճանապարհաշինարարները կսկսեն կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և վնասված ճանապարհային նշանները թարմացնելու աշխատանքները։

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլի վերջին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս