Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին ինձ ազատ արձակել. Խադիջա Իսմայիլովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովան, ով այժմ ազատության մեջ է գտնվում, հարցազրույց է տվել BBC-ի ադրբեջանական ծառայությանը, որի ժամանակ հայտարարել է ադրբեջանական իշխանությունների սխալի մասին:

Նա կալանքի տակ է անցկացրել մեկ ու կես տարի և ազատ արձակվել այս տարվա մայիսի 25-ին: Ադրբեջանի Գերագույն դատարանը նրա կալանավորման իրական ժամկետը՝ պայմանականով փոխարինելու մասին որոշում էր ընդունել:

Իսմայիլովան պատմել է, որ երբ նա ձերբակալված էր, երկրում արդեն սկսվել էին իրավապաշտպանների և լրագրողների դեմ լայնամասշտաբ ճնշումները: Նրանցից շատերն ազատ են արձակվել, երբ նա բանտում է գտնվել, սակայն «ինստիտուցիոնալ ճնշումները շարունակվում են, և ավելի քան 80 քաղբանտարկյալ դեռևս մնում է բանտում»: Նրա խոսքով՝ մեկ ու կես տարվա ընթացքում Ադրբեջանում ոչինչ չի փոխվել, երկրում դեռևս դիկտատուրա է, մարդու իրավունքների հարցով փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Իր բանտարկության ժամանակ, ինչպես ասել է լրագրողը, Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ էր: «Բոլորը հասկանում էին, թե ինչ է կատարվում երկրում, չնայած, որ տեղեկատվության միակ աղբյուրը գործող հեռուստաալիքներն էին, որոնք փորձում էին երկրում տեղի ունեցածը վառ գույներով ներկայացնել: Այն, ինչ ցույց են տալիս հեռուստատեսությամբ, մի բան է, կյանքը՝ մեկ այլ բան, և այդ տարբերությունը զգացվում է նաև բանտում»,-ասել է նա:

BBC-ի ադրբեջանական ծառայության հարցազրույցում Իսմայիլովան նշել է, որ ձգտում է հասնել նրան, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվություն կրի իր կալանքի և անօրինական մեղադրանքների համար:

«Կարծում եմ, որ ինձ կալանավորելով՝ Ադրբեջանի իշխանությունները մեծ սխալ են գործել: Իմ կալանավորելու նպատակը քննադատությունները նվազեցնելն էր, սակայն դա նրանց չհաջողվեց, և հետաքննությունների թիվն աճեց: Եվ Ադրբեջանի կոռուպցիայի հանդեպ միջազգային հանրության ուշադրությունն ավելացավ: Իսկ իմ կալանավորումը դրա պատճառն էր: Եվ այդ իսկ պատճառով նրանք ստիպված էին ինձ ազատ արձակել: Տարօրինակ է, որ Ադրբեջանի կառավարությունն ինձ կալանավորելիս հաշվի չէր առել այդ ռիսկերը»,-BBC-ի ադրբեջանական ծառայության հարցազրույցում ասել է Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովան:




Լրահոս