ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել Գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու Բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ: Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու թե՛ Բանկի, թե՛ արտահանողի ռիսկերը:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը իր խոսքում նշեց՝ «ՀԱԱԳ ԱՓԲԸ առաքելությունը ՀՀ արտահանման խթանումն է։ Ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական գործիքակազմի կարևորագույն բաղկացուցիչը արտահանողներին մատչելի և անգրավ ֆինանսական ռեսուրսներին հասանելիության ստեղծումն է։ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ ստորագրված համագործակցության պայմանագիրը նոր զարկ կտա Գործակալության ծառայությունների վերաբերյալ Բանկի բազմաթիվ հաճախորդների իրազեկվածության բարձրացմանը, հատկապես ՀՀ մարզերում։ Վստահ եմ, որ Բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուկայում դեռևս նոր ֆինանսական այս պրոդուկտը լայն պահանջարկ կունենա՝ էապես նպաստելով հայ արտահանողների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր շուկաների բացահայտմանը»։
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: