«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում: Հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորներին եւ ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից` պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ: ՀՀԿ-ում «ցրում» են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկումները` դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ: Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել: Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով՝ վերադարձնել նախկին, այսպես կոչված, պասիվ վիճակին: Եթե հաջողվի այդ խնդիրը լուծել եւ, օրինակ, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցկացնել, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչեւ աշնան վերջ:
Նկատենք, որ նախորդ ընտրություններում իրադարձությունները սովորաբար հենց այդ սցենարով են զարգացել: Արդյունքում, ընդդիմությունն այդպես էլ չի հասցրել ընտրություններից առաջ «դիրքավորվել» եւ պատշաճ ներկայանալ: Իշխանությունների պարագայում նման հարց գոյություն չունի, քանի որ այն երբեք իր առջեւ խնդիր չի դրել ընտրողին համոզել, հետեւաբար ճիշտ կամ սխալ ներկայանալու հարց եւս չի առաջանում: Իշխանությունները միշտ ձգտել եւ ձգտում են քաղաքական գործընթացները հնարավորինս պասիվացնել, որպեսզի կարողանան իրենց վերարտադրության խնդիրը լուծել «չոր փողով», ինչը քաղաքական դաշտի գերլարվածության պայմաններում էապես կդժվարանա:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ 3,5 տոկոսով ավել էլէներգիա է արտադրվել: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ այն փաստը, որ էլէնեգիայի արտադրությունը մեր երկրում աճում է, քանի որ բնեղեն արտահայտությամբ արդյունաբերության ճյուղերից միայն հանքարդյունաբերությունն է աճ արձանագրել, մնացածի դեպքում հիմնականում կտրուկ անկումներ ունենք: Սակայն իրականում էլէներգիայի աճը տեղի է ունեցել Իրան արտահանվող էլէներգիայի ծավալների կրկնակի աճի շնորհիվ: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ը գործում է իրանական գազով, որի դիմաց վճարում է էլէներգիայով: Իսկ էլէներգիայի ներքին սպառումը փաստացի նվազել է: Անցած տարվա առաջին եռամսյակում էլէնեգիայի ներքին սպառումը կազմել էր 1 միլիարդ 606 միլիոն 400 հազար ԿՎտ/ժ, այս տարվա` 1 միլիարդ 543 միլիոն ԿՎտ/ժ-ի դիմաց: Տեղեկացնենք, որ ներքին սպառման անկումը կազմել է մոտ 4 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ է ստացել այն մասին, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է: «Մեր իրավունքները ոտնահարված են, եթե այսպես շարունակվի, դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասաց նա: Դատապարտյալի խոսքով. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել հատակին»: Սակայն քրեակատարողական վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նախօրեին՝ երեկոյան, ԱԺ պատգամավոր ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ազատ արձակվեց: Նրան կալանավորել էին խուլիգանության ամենածանր հատկանիշներով՝ ապրիլի 17-ի գիշերը «Կրիստալ» գիշերային ակումբի բակում ծեծկռտուքի մասնակից լինելու համար: Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեծ շուքով կալանավորեցին, սակայն անաղմուկ բաց թողեցին: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց բանտից ազատել Ձեր որդուն, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ անձնական վիրավորանքներից բռնկված երիտասարդ տղաների կռիվ է, դա տղաների կռիվ է, եւ կարծում եմ՝ պետք չէ դարձնել այդքան լուրջ թեմա: Պատգամավոր եւ տաքարյուն երիտասարդ պատանիներ՝ տարբեր քաշային կատեգորիաներ են, եւ պետք չէ փոխկապակցել իրար: Երիտասարդների միջեւ անձնական վիրավորանքներից բռնկված միջադեպ է եղել, եւ ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել, իսկ թե ինչ հիմքերով փոխվեց կալանավորումը, կարծում եմ՝ դա արդեն փաստաբանների բերված փաստարկների հիման վրա է արվել, որի մասին մամուլում բավականին խոսվեց, քննարկվեց, եւ կարծում եմ՝ այդ հարցով կարող եք դիմել իրենց, եթե գործի իրավական կողմն այդքան հետաքրքրում է Ձեզ»:
ԱՆԱԿՆԿԱԼԻՔ
Այսoր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով Փարիզ կմեկնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հանդիպման նպատակը հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքների իրականացումն է: Հիշեցնենք, որ երեք օր առաջ էլ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը՝ նույն նպատակով: Եվ, ահա, Ալիեւ-Սարգսյան ակնկալվող այդ հանդիպման վերաբերյալ նախօրեին ուշագրավ հայտարարություններ են արել ինչպես Մամեդյարովը, այնպես էլ ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Առաջինը ՆԱՏՕ-Ադրբեջան համաժողովում նախօրեին հատարարել էր, թե հունիսին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն Ադրբեջանը շատ է կարեւորում եւ ակնկալում է ստատուս-քվոյի փոփոխության հարցում զգալի տեղաշարժ: Երեկ էլ Ջեյմս Ուորլիքն է հայտարարել, թե «առաջիկա հանդիպումը կողմերի համար կլինի շատ կարեւոր հանդիպում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, հետաքննությունների մեխանիզմի շուրջ համաձայնագրին եւ բանակցությունների համար համաձայնության հասնելու տեսանկյունից, որոնք կարող են հանգեցնել համապարփակ կարգավորման»: Հիշեցնենք, որ «համապարփակ կարգավորման» մասին Ուորլիքը խոսել էր նաեւ դրա նախորդ օրը՝ ասելով, թե. «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել ենք ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ստեղծման մասին առաջարկը, ինչպես նաեւ համապարփակ կարգավորման տարրերը»:
Այսպիսով՝ ինչ ակնկալիքների շուրջ են ընթանում առաջիկա հանդիպման կազմակերպչական աշխատանքները: Դատելով «ստատուս քվոյի փոփոխության» եւ «համապարփակ կարգավորման» մասին հայտարարություններից՝ առաջիկա հանդիպման ընթացքում, այնուհանդերձ, սեղանին լինելու է կոնկրետ բանակցվող փաստաթուղթ, մի բան, որ հայկական կողմը փորձ է անում հերքել: Մեր իշխանական քարոզչությունն ու ՀՀԿ-ական պաշտոնյաները թե՛ Վիեննայի, թե՛ առաջիկա հանդիպումը որակում են որպես «բանակցություն՝ բանակցային գործընթացը վերսկսելու շուրջ», եւ ոչ ավելին: Անգամ չի նշվում՝ արդյոք կողմերը դեռ Մադրիդյան սկզբունքներն են դիտարկում որպես աշխատանքային բանակցային փաստաթուղթ, թե այն այլեւս ուժի մեջ չէ:
Ամեն դեպքում՝ հայկական կողմը կարծես թե առաջադրել էր նախապայման մինչ այդ հանդիպումը սահմանային հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն կարծես թե ինքնաթիռում Ս. Սարգսյանի տված հայտնի հարցազրույցից հետո պաշտոնական Երեւանն այլեւս այդ նախապայմանի մասին չի հիշեցնում, ինչը բավականին մտահոգիչ է ադրբեջանական կողմի «առաջընթացի հասնելու ակնկալիքների» ֆոնին: