ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ կարելի է դիվանագետ կոչվել՝ չունենալով դիվանագիտական կրթություն եւ փորձառություն: Երբ ստեղծվեց անկախ պետականությունը, շատերն արդարացված համարեցին այն, որ կարելի էր անգամ ամենատարբեր պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք այդ բնագավառների հետ առնչություն չունեին: Այսպես վարվել էին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, այդպես վարվեցին նաեւ նորանկախ Հայաստանում, որը, պարզվեց, որպես դպրոց՝ դարձյալ կոմունիստների օրինակն ուներ:
Մեր դիվանագիտական կորպուս մուտք գործած Արման Կիրակոսյանն էլ որեւէ աղերս չուներ դիվանագիտության հետ՝ չնայած որդին էր ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստր, անվանի ցեղասպանագետ Ջոն Կիրակոսյանի:
Ա. Կիրակոսյանը, հետեւելով հոր օրինակին, 1973թ. ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության եւ հասարակագիտության բաժինը, որն ավարտելուց հետո՝ 1977թ., մի քանի ամիսների ընթացքում հայոց պատմություն եւ հասարակագիտություն է դասավանդել Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի դպրոցում: Պարզ էր, որ նա դպրոցում երկար չէր մնալու, որովհետեւ ուներ պատմաբան-գիտնական դառնալու լուրջ մտադրություններ, հետեւաբար 1977թ. ընդունվել է նույն բուհի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան եւ 1980թ. ավարտել այն: 1980-1986թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող՝ ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվական կենտրոնի «Հայագիտությունն արտերկրում» խմբի ղեկավար):
Որքան էլ որ գիտությանն էր նվիրված Ա. Կիրակոսյանը, այնուհանդերձ, պարզվեց, որ նրան էլ, ինչպես կոմունիստական նոմենկլատուրայի ընտանիքների շատ զավակների, հետաքրքրում էին պաշտոններն ու կուսակցական աշխատանքը: Հենց պաշտոնի եւ առաջընթացի գաղափարն էլ նրան տարավ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, որտեղ աշխատեց 1986թ.-ից եւ զբաղեցրեց տարբեր պաշտոններ՝ գիտության եւ կրթական հաստատությունների բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի խորհրդատու: Հետո, երբ կոմունիստները պարտություն կրեցին, եւ իշխանության եկավ ՀՀՇ-ն, Ա. Կիրակոսյանը թողեց կենտկոմական աշխատանքն ու վերադարձավ ԳԱԱ՝ որպես սփյուռքի պատմության եւ մշակույթի բաժնի ղեկավար:
Ինչպես նշեցինք, ՀՀՇ-ն կամենում էր պաշտոններ տալ բոլոր նրանց, ում վստահում էր, ում հետ կարող էր հույսեր կապել կամ էլ մարդկանց մեջ բարի վերաբերմունք ձեւավորել: Ուստի նշանավոր պատմաբանի որդուն 1991թ. նշանակեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Գուցե այստեղ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը, եւ Ջոն Կիրակոսյանը ժամանակին բարեկամներ էին:
Ինչեւէ. 1994-1999թթ. Ա. Կիրակոսյանը զբաղեցրել է Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը՝ միաժամանակ համատեղելով բալկանյան մի շարք երկրներում ու Կիպրոսում համանուն պաշտոնները: Դժվար է ասել, թե ինչու էր փոխնախարարը նշանակվում դեսպան, երբ ՀՀ-ում ընդունված է, որ դեսպաններն «արտոնագրված թոշակառուներ» են, այսինքն՝ մարդիկ, որոնք, հայտնվելով այս կամ այն երկրում, ըստ էության, որեւէ գործունեություն չեն իրականացնում: Ա. Կիրակոսյանը, իհարկե, փոքր-ինչ տարբերվեց մյուս դեսպաններից. Հունաստան-Հայաստան կապերն ամրապնդեց, որոշակի քայլեր կատարեց Կիպրոսի հետ մեր հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ, սակայն Բալկանյան երկրներում նրա դեսպանությունը ոչինչ չտվեց: 1999թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին Ա. Կիրակոսյանը ստանձնեց Հունաստանի դիվանագիտական կորպուսի դուեինի պաշտոնը (առաջինը հայկական դիվանագիտության պատմության մեջ): Իհարկե, անհասկանալի էր, թե դա ինչ պաշտոն էր, սակայն զարմանալի էր, որ հայ դիվանագետն ընդգրկվում էր հունական դիվանագիտական կորպուսի կազմում… Ժամանակին ոմանք այս նշանակման ենթատեքստում ինչ-որ «խնդիրներ» էին տեսնում, սակայն շուտով ամեն ինչ մոռացվեց, երբ Ռոբերտ Քոչարյանը Ա. Կիրակոսյանին գործուղեց Վաշինգտոն՝ որպես  ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:
Եթե Կիրակոսյանի համար սրանք երջանիկ տարիներ էին, քանզի ապրեց Վաշինգտոնում, շփվեց ամերիկյան շրջանակների հետ, ապա Հայաստանի համար դարձան անհաջողակ տարիներ, քանզի հայկական դիվանագիտությունն ԱՄՆ-ում լուրջ պարտություններ կրեց, եւ պաշտոնական Վաշինգտոնը շրջեց իր դեմքը ՀՀ-ից: Չնայած, որ այն ժամանակ նախարար Վարդան Օսկանյանը միշտ խոսում էր կոմպլիմենտարիզմի մասին… 2005թ. Ա. Կիրակոսյանը «վերադարձվեց» Հայաստան եւ նշանակվեց ԱԳ նախարարի տեղակալ: Իսկ հիմա էլ Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Կարելի է ասել՝ ուղարկվել է «վաստակած հանգստի»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս