Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, մեղադրվում է կոռուպցիոն սկանդալի մեջ:
Նշենք, որ Մովսեսյանը պաշտոնավարում էր 12 տարի` 2004 թվականի մայիսից: Մինչ այդ Մովսեսյանն աշխատել է հիմնականում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում և բազմաթիվ պաշտոններ զբաղեցրել` խորհրդատուից մինչև գլխավոր և առաջատար մասնագետ: 1995-1999 թվականներին եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1999-2002 թվականներին` Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 2003-2004 թվականներին` թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ…
Այսինքն` մեր երկրում կազմակերպված բոլոր կեղծված ընտրություններում Արտյոմ Մովսեսյանն ունեցել է իր դերակատարումը, հատկապես ակտիվ մասնակցություն ունեցել 1998 եւ 2003 թվականների ընտրություններին:
Իսկ ինչպե՞ս է պատահել, որ վերահսկողական ծառայության խորհրդատուն դարձել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, այն էլ առանց համապատասխան կրթության. այս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում, երբ հիշում ենք, որ նա իր պաշտոնը ստացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Ուսումնասիրելով նախկին պաշտոնյայի ունեցվածքի մասին հայտարարագիրը՝ տեղեկանում ենք, որ Մովսեսյանը 2015 թվականին 120 մլն դրամով ձեռք է բերել բնակարան, 600 հազար դրամով հողամաս և 10 մլն դրամով ավտոտնակ: Որպես դրամական միջոց՝ Մովսեսյանը հայտարարագրել է 70 հազար դոլար, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կազմել է 14 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է աշխատավարձից, իբրև ժառանգություն ստացել է 130 մլն դրամ:
Արդեն նշեցինք, որ 12 տարի այս պաշտոնը զբաղեցնող, սակայն այս ոլորտում որևէ էական առաջընթաց չգրանցած պաշտոնյայի`աշխատանքից ազատումը կապ ունի կոռուպցիոն սկանդալի հետ: Մասնավորապես, գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերությանն արտոնագիր տրամադրելու հարցում ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծվել։ ՔԱԳՎ–ում ավիաընկերության ներկայացուցիչներից կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բաղրամյան 26:
Նաիրա Հովհաննիսյան