Հարց քաղաքացիներից` հաշմանդամ երեխայի տնային ուսուցումն ի՞նչ կարգով է կազմակերպվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամ երեխայի տնային ուսուցումն ի՞նչ կարգով է կազմակերպվում: Ինչպե՞ս է իրականացվում այն:

Հեղինե Պետրոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝
Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների միջեւ պայմանագրի հիման վրա:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն՝

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ՝
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ, տրամադրության խանգարումներ, նյարդայնական եւ հոգեմարմնական խանգարումներ՝ կապված գերհույզի, սթրեսի հետ, վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ, մտավոր հետամնացություն, հոգեբանական զարգացման խանգարում եւ լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ, սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ, հոգեկան խանգարումներ՝ առանց լրացուցիչ ճշտումների:

բ) նյարդային համակարգի հիվանդություններ
սիստեմային ատրոֆիաներ՝ գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ, նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ, էպիլեպսիա, նյարդամկանային սինապսի, մանկական ուղեղային պարալիզ եւ այլ պարալիտիկ համախտանիշներ, ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային),
գ) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ եւ քրոմոսոմային խանգարումներ)՝

ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք, բնածին արատներ, ողնաշարի բնածին այլ անկանոնություններ, նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ, ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ,
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ՝
ռևմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվով ընթացքող, պանկարդիտ, սրտի բնածին արատներ՝ սուբկոմպենսացիայի եւ դեկոմպենսացիայի փուլում, քրոնիկ թոքաբորբ՝ տարածուն պրոցեսի եւ արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում, հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատեւ ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա, նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ, մուկովիսցեդոզի ծանր ձեւեր, քրոնիկ հեպատիտ եւ ասցիտի երեւույթներով ընթացող լյարդի ցիրոզ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, արյան մակարդելիության խանգարում՝ տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. 1-ին խմբի հաշմանդամ երեխաների թիվը կազմել է 10.598, 2-րդ խմբի՝ 82.753, իսկ 3-րդ խմբի 99.003:




Լրահոս