ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դիմում է ներկայացվել, ապա ո՞ր դեպքերում հաշվառում իրականացնող մարմինը կարող է մերժել հաշվառումը: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով կարելի է բողոքարկել հաշվառում իրականացնող մարմնի գործողությունները:
Սաթենիկ Հովհաննիսյան (36 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անձի՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Ընդ որում, որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում: Պետական հաշվառումը մերժելը, պետական հաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել ՀՀ արդարադատության նախարարին կամ դատարան:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: