ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հայրության որոշման պետական գրանցման համար որտե՞ղ (որ մարմին) պետք է դիմել եւ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Ռոման Հայրապետյան (39 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ քաղաքացիական կացության ակտերի գրասենյակի մարմիններից մեկը.
-երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
-երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
-հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-գրանցված ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ դիմումը,
-ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
-երեխայի ծննդյան վկայականը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, եւ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը՝ հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի, կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: