Քաղավիացիայի նորանշանակ տակավին երիտասարդ պետը թաքնված միլիոնատեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ տակավին երիտասարդ պետ Սերգեյ Ավետիսյանը թաքնված միլիոնատեր է: Ավետիսյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ եւ 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որն անցած տարվա դրությամբ ամսական կազմել է 914 հազար դրամ:

Ավետիսյանի տիկնոջ՝ Աննա Եղիազարյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 40 հազար դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմել է 1 մլն 816 հազար դրամ, որից 100 հազարը նա հայտարարագրել է իբրեւ բաժնեմասի օտարումից ստացված եկամուտ: Տեղեկացնենք, որ մինչ ՔԱԳՎ պետ դառնալը Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը 2014-ից: Իսկ դրանից առաջ էլ նա 2009-ից մինչեւ 2014-ը եղել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարը: Մինչ այդ էլ 2003-2009 թթ. աշխատել է Կենտրոնական բանկում: 35-ամյա Ավետիսյանը երբեւէ գործարարությամբ չի զբաղվել, մշտապես պետական պաշտոնյա է եղել: Իսկ թե որտեղից եւ երբ է նա հասցրել նման պատկառելի կարողություն կուտակել, մնում է անհայտ:
Հավելենք, որ Սերգեյ Ավետիսյանն այն պաշտոնյան էր, որի օրոք եւ, կարելի է ասել, անմիջական գործունեության արդյունքում մեր երկրում սկսվեց իրականացվել «բաց երկնքի» քաղաքականությունը` ԱՄՆ-ի «պատվերով»: Արդյունքում, մեղմ ասած, իսպառ վերացավ քաղավիացիայի ոլորտը: Ու հիմա նա նշանակվեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ:

Ի դեպ, Սինգապուրի ազգային համալսարանի մագիստրոս Սերգեյ Ավետիսյանը եւս սովորական դասալիք է: Նա Հայոց բանակում չի ծառայել, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե պաշտոնապես ինչ հիմնավորմամբ:




Լրահոս