«ԵՍ ՀԱՅՏՆԻ ՈՒՇԱՑՈՂ ԵՄ, ԱՀԱՎՈՐ Է…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Խոստովանություններն ու բացահայտումներն այս պարագայում անխուսափելի են: Ընթերցողները հնարավորություն կստանան իրենց կողմից ճանաչված մարդկանց բացահայտել բոլորովին նոր դիտանկյունից: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

-Մեր առաջին հարցը, որն ուղղում ենք գրեթե բոլորին` ե՞րբ եք ծնվել (խոսքը կենսաբանական ծնունդի մասին չէ):
-O՜, բազմիցս. ամեն անգամ՝ երեխաներիս ծնվելուց հետո, փորձություններից հետո, որոնք վերադարձրել են ինձ կյանք:
-Խոսք, որը կարող է Ձեզ ապրեցնել:
-Այսօր դա հայ մոր խոսքն է:
-Ամենաանսպասելի արարքը, որ երբեւէ կատարել եք:
-Շատ են եղել նման բաներ (ծիծաղում է): Հանրության համար ամենաանսպասելին իմ` պատգամավորական աշխատանքի անցնելն էր: Իրականում պատգամավորը ինչ-որ ասպարեզում ձեռքբերում ունեցած մեկն է, իսկ ես արդեն Շուշան Պետրոսյան էի, երբ հասկացա, որ իմ ոլորտում գործ ունեմ անելու, հարցեր ունեմ բարձրացնելու, խնդիրներ ունեմ լուծելու:
-Ձայն, որը մնացել է Ձեր ականջներում:
-Մորս ձայնը: Առաջին օրորոցայինը նա է երգել ինձ համար, ինչպես նաեւ` Աննա տատիկիս ձայնը, ով երգում էր ինձ համար, երբ ցերեկները քնեցնում էր եւ երգում էր «Քնիր, մանկիկ, քնիր»-ը: Հիշում եմ նաեւ Քնարիկ տատիկիս ձայնը, ով էլի քթի տակ անուշ երգում էր:
-Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Ես կփորձեմ նշել հեղինակի: Պատանեկան տարիքում դա Մարկեսն էր, երբ ավելի հասունացա, դրանք ռուսական պոեզիայի արծաթե դարաշրջանի գործերն էին: Շատ եմ սիրում մեր ժամանակակից գրողներին, հարստանում եմ ամեն անգամ նոր վեպ, պատմվածք, նույնիսկ ակնարկ, հոդված ընթերցելով:
-Աստղ, որը հիացրել է Ձեզ:
-Սթիվի Ուանդերն, օրինակ, գերմարդ է. նա տեսնում է ավելին, եւ այդ հատկությունն արտացոլված է ոչ միայն նրա երաժշտության փիլիսոփայության, այլեւ ամենաանկեղծ մարդկային շփման մեջ: Առհասարակ, աստղը հարաբերական հասկացություն է: Այդ աստղերին սարքում են: Կան աստղեր եւ կան արտիստներ: Ինձ համար աստղերն արտիստներն են:
-Տխմարներին հանդուրժելու Ձեր տարբերակը:
-Երբեք չնմանվել նրանց: Եթե պատասխան տամ, կնմանվեմ: Պետք է լռել ու անցնել:
-Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:
-Ուշանալը: Ես հայտնի ուշացող եմ, ահավոր է… Ամեն օր որոշում եմ, որ պետք է չուշանամ, բայց թարսի պես հենց այդ րոպեին ինչ-որ բան խանգարում է ինձ: Դա անուղղելի է, արդեն դարձել է նորմա (ծիծաղում է):
-Տղամարդուն Ձեր կողքին պահելու միջոցը:
-Նրա տեսակը հարգելը, ընդունելն այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին նրան ստեղծել է Աստված: Ես այդպես եմ վերաբերվել նաեւ իմ զավակներին եւ չեմ փորձել փոխել նրանց:
-Մի բան, որ տղամարդկանց սազական չէ:
-Մի բան չի, մի քանի բան կա: Ինձ համար անընդունելի է բամբասկոտ տղամարդը. նա փոքրոգի է, կնամեծար չէ, տղամարդ կոչվելու իրավունք չունի: Մինչեւ զազրախոսելը տղամարդը պետք է նախեւառաջ իրեն նայի: Չեմ սիրում նաեւ ագահ, ժլատ տղամարդկանց, ինչպես նաեւ` ստախոսներին:
-Հաջողություն, որին ինքներդ չեք/չէիք հավատում:
-Ինչ վերաբերում է արվեստին, պետք է ասեմ, որ մինչեւ այսօր կուլիսներում բեմ դուրս գալուց առաջ տերեւի պես դողում եմ: Միակ բանը, որի վրա վստահ եմ, իմ անկեղծությունն է. գիտեմ, որ պետք է անկեղծորեն կանգնեմ հանդիսատեսի առջեւ: Իսկ անսպասելի հաջողություն գրանցեցի այն լայնամասշտաբ գործունեության ընթացքում, որ ծավալել եմ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում: Այնտեղ ընթացող շինարարությունից հետո այդ ոլորտին առնչվող բավական բաներ, նոր բառեր, գործիքների անուններ եմ սովորել (ծիծաղում է): Այնտեղ կառուցվել են շինություններ, որոնցից մեկն արդեն իսկ ծառայում է իր նպատակին:
-Խոստովանություն, որ չեք մոռանա:
-Այդպիսիք շատ են եղել: Բայց ես միշտ հիշում եմ ամենաառաջինը. դա դպրոցում էր, երբ իմ դասարանցի տղաներից մեկի կողմից թղթի վրա ստացա անգլերեն «I love you» գրառումը (ծիծաղում է):
-Եվ վերջում` Ձեզ ապրեցնող հանգամանքները:
-Սիրել կարողանալը: Միակ բանը, որի համար արժե ապրել, սա է:

 

 

 
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ «ՎԻՏԱՄԻՆ»-Ի ԱՐՄՈՒՇԸ ԵՎ ՏԻԿՈՆ

Այն բանից հետո, ինչ «Վիտամին ակումբ» հումորային ծրագիրը դադարեց եթեր հեռարձակվել, դրա շուրջ համախմբված տղաներից ամեն մեկին տեսանք նոր նախագծերում: Օրինակ` Արամ MP3-ն եւ Գարիկ Պապոյանը նկարահանվեցին գեղարվեստական ֆիլմերում, վերջինս «Վիտամին ակումբ»-ի սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանի հետ հանդես եկավ նաեւ նոր նախագծով, որը կոչվում է «Կասկածելի երեկո», Վաչե Թովմասյանին տեսանք «Քարե դարդ»-ի եթերում (նա նաեւ սիթքոմի պրոդյուսերն է): Նույն նախագծում սկզբնական շրջանում հեռուստադիտողները տեսան նաեւ Արման Խաչատրյանին` Արմուշին: Վերջերս, սակայն, նախկին վիտամինցիներից երկուսը, «անհետացել են»: Խոսքը հենց Արմուշի եւ ակումբի մեկ այլ անդամի` Տիգրան Գեւորգյանի մասին է:

Պարզելու համար, թե որտեղ են այժմ նրանք եւ ինչով են զբաղված, «Ժողովուրդ»-ը զրուցեց Վաչեի հետ: Նա նախ տեղեկացրեց, որ Արմուշն այժմ ԱՄՆ-ում է, եւ ինքը չի կարող ասել, թե նա երբ կվերադառնա Հայաստան. «Նա մեկնել է իր հայրիկի մոտ, ով առողջական խնդիրներ ունի»,-ասաց Վաչեն` հավելելով, որ Արմուշի հայրը եւ մայրը բնակվում են Միացյալ Նահանգներում:
Ինչ վերաբերում է Տիկոյին, ապա, Վաչեի փոխանցմամբ, նա արդեն մի քանի ամիս է` տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ. «Նա գնում-գալիս է, բայց հիմնականում այնտեղ է լինում: Մենք, իհարկե, տղաներով միմյանց հետ պահում ենք մեր կապը, մինչեւ այսօր էլ լավ ընկերներ ենք, սոցցանցերից մեկում ընդհանուր չաթ ունենք, որի միջոցով շփվում ենք իրար հետ, նաեւ հաճախ զանգահարում ենք միմյանց»,-մանրամասնեց հումորիստը:
Մեր այն հարցին, թե արդյոք տղաները մտածում են երբեւէ կրկին համախմբվելու եւ միասին նոր նախագիծ իրականացնելու մասին, Վաչեն պատասխանեց. «Կան նման մտքեր, որոնք անմիջական կապ ունեն «Վիտամին»-ի ֆորմատի հետ: Ուզում ենք միասին մի լավ ներկայացում անել, որպեսզի մարդիկ, որոնք կարոտել են այդ ֆորմատը, գան եւ կարոտներն առնեն: Բայց ամեն բան դեռեւս ընթացքի մեջ է, պարզ չէ, թե այդ գաղափարներն ինչ ժամանակահատվածում կյանքի կկոչվեն»,-եզրափակեց հումորիստը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔ
Երկու օր է` հայկական, վրացական եւ ռուսական լրատվամիջոցները գրում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ 24-ամյա Սարգիս Կարապետյանի եւ նրա ընտրյալի` վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլիի հարսանյաց շքեղ արարողության մասին: Tatler.ru-ի փոխանցմամբ` միջոցառման ընթացքում կարելի էր տեսնել ութհարկանի տորթ եւ ծաղիկների «հրավառություն»: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ հարսն ու փեսան արարողության ժամանակ հայկական ազգային պար են պարել` հիացնելով հյուրերին, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուշագրավ է, որ հարսանիքին հրավիրված աստղերի թվում է եղել հանրահայտ «Maroon 5» խումբը: Ելույթ են ունեցել նաեւ Գրիգորի Լեպսը, Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Նիկոլայ Բասկովը, Վալերի Մելաձեն, Թիմաթին, Սոֆիա Ռոտարուն եւ ուրիշներ, իսկ երեկոյի հանդիսավարներն են եղել Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնեւան եւ Տատյանա Գեւորգյանը:
Նշենք, որ Սարգիսի ընտրյալը` Սալլին, բիզնեսով է զբաղվում: Նա «Buy By Me» բրենդային հագուստի վերավաճառքով զբաղվող օնլայն-խանութի համասեփականատերերից է:

 

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Երգչուհի, դերասանուհի Դեմի Լովատոն եւ նրա սիրեցյալը` դերասան Ուիլմեր Վալդերաման բաժանվել են. վեց տարի տեւած սիրավեպն այլեւս անցյալում է: Երգչուհին Instagram-ի իր էջում գրել է. «Սա անհավանական դժվար որոշում էր երկուսիս համար, բայց մենք հասկացանք, որ ավելի լավ է, մտերիմ ընկերներ լինենք: Մենք միշտ կօգնենք իրար: Շնորհակալություն բոլորին, ով աջակցել է մեզ ու սրտացավ եղել մեր նկատմամբ»:

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Ջոնի Դեփի կինը` Էմբեր Հերդը, դատի է տվել ամուսնու ընկերոջը` դերասան Դագա Սթենհոուփին, իրեն զրպարտելու եւ ամուսնուն շանտաժ անելու մեջ մեղադրելու համար: Ավելի վաղ Սթենհոուփը մի հոդված էր գրել TheWrap պարբերականի համար` դերասանուհուն մեղադրելով հանցավոր վարքագիծ ցուցաբերելու մեջ:
Ինչպես փոխանցում է The Independent-ը, Հերդը հայտարարել է, որ Սթենհոուփը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել բռնությունից եւ սպառնալիքներից, որոնք իր հանդեպ կիրառել է Դեփը:




Լրահոս