Հունիսի 11-ին Երևանում արդեն 2-րդ տարին կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը:
Հրավիրված մամուլի ասուլիսում միջոցառման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Ծրագրի նպատակն է մեկ հարթակում համախմբել խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար ընկերություններին՝ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթանցելով հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին: Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Տեղում կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր:
«Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրում ներառված են մի շարք փառատոներ, որոնցից առաջինը հենց «Համով-հոտով Երևան» է՝ արդեն 8-րդ անգամ անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի հիմքով: Միջոցառմանն առանձին տաղավարներով կներկայացվեն հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մասնակիցների թիվն ավելացել է. փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև մի շարք այլ կազմակերպություններ ևս»,-նշել է Մարիա Բարաղամյանը:

Կարևորելով ազգային խոհանոցի ավանդույթների վերականգնումն ու հանրայնացումը՝ Սեդրակ Մամուլյանը նշել է, որ փառատոնը նաև որոշակի առաքելություն է ստանձնել. նպաստել ազգային, այդ թվում խոհարարական, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:
«Տոնածիսական ուտեստները մեր խոհանոցի հիմքն են և ակունքները: Ուրախ ենք, որ արդեն 2-րդ տարին փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մեր նպատակն էր, որ ոչ միայն ազգային խոհանոցը ներկայացվեր հանրությանն ու հատկապես երիտասարդությանը, այլև մեր օգնությամբ Երևանում և Հայաստանում, առհասարակ, ձևավորվեր զբոսաշրջային միջավայր», – նշել է Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնի օրը տաղավարներում մայրաքաղաքի օտարազգի հյուրերին կդիմավորեն Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով կներկայացնեն հայկական ավանդականը:

«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ցանկացած փառատոն ունի նաև զբոսաշրջային բաղադրիչ՝ Երևանն ավելի գրավիչ դարձնել մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝ դրանով իսկ զարգացնելով փառատոնային զբոսաշրջությունը: Այդ է պատճառը նաև, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումներում զգալի տեղ են զբաղեցնում փառատոները, որոնց մասին մեր քաղաք այցելած զբոսաշրջիկները պարբերաբար կարող են տեղեկանալ զբոսաշրջային ընկերություններից, հյուրանոցներից և գովազդային այլ հարթակներից»,-նշել է քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս