Մի շարք հեռուստասերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանն արդեն երկար ժամանակ է` պարզապես «անհետացել է» էկրաններից: Հեռուստադիտողները սկսել են հետաքրքրվել` որտեղ է նա, ինչով է այժմ զբաղված, ինչու դերասանը հանդես չի գալիս նոր նախագծերում: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Նիկոլայի հետ` ստանալու համար բոլոր այս հարցերի պատասխանները:
-Նիկոլա՛յ, շուրջ 3-4 տարի է` էկրաններին չեք երեւում: Այս տեւական դադարի պատճառը ո՞րն է: Նոր հրավերներ չունե՞ք:
-Ցավոք սրտի` ոչ. երկար ժամանակ է` սպասում եմ: Ու դա շատ վատ է: Սկզբնական շրջանում անընդհատ զբաղվածություն ունեի, անդադար նկարահանվում էի, հետո միանգամից դադար եղավ, որի հետ չեմ համակերպվում, շատ ներվային վիճակի մեջ եմ: Միայն այս ոլորտի մարդը կհասկանա, թե դերասանի համար ինչ է նշանակում չզբաղվել իր սիրելի գործով: Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ սա մի էտապ է, որը կգա ու կանցնի, բայց որքան մտածում եմ` հասկանում եմ, որ այս դադարն արդեն զարմանալի է ու տարօրինակ: Որ ասեմ` շատ վատն եմ, որ չեն կանչում, չէ (ծիծաղում է): Ինքս էլ բազմիցս դիմել եմ որոշ մարդկանց, հիշեցրել եմ, որ գործ չունեմ, բայց ապարդյուն:
-Գուցե Ձեր անձի հե՞տ է կապված խնդիրը: Կռահո՞ւմ եք պատճառների մասին:
-Բացարձակ: Ես իմ մասնագիտությանը շատ լուրջ եմ վերաբերվում: Իհարկե, ցանկացածիս մոտ էլ կարող են լինել թերացումներ, բայց ես իմ տեսակով խնդիրներ առաջացնող մարդ չեմ. դա բացառվում է: Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ նորմալ են: Ամեն դեպքում, ես լավատես եմ. հուսանք` Աստված ինձ համար ավելի լավ բան է պատրաստել: Բայց անկեղծորեն մի բան ասեմ. երբ մարդկանց հետ պարբերաբար շփվում եմ, զգում եմ, որ հանրությանն անընդհատ թվում է, թե ես էկրաններին եմ, այժմ էլ խաղում եմ: Դրանից ես ինձ լավ եմ զգում: Մտածում եմ` կարո՞ղ է` իսկապես խաղում եմ, պարզապես տեղյակ չեմ այդ մասին (ծիծաղում է): Ուրախ եմ, որ ինձ չեն մոռանում:
-Իսկ եթե ազատ ժամանակն օգտագործեք եւ կատարեք Ձեր վաղեմի ցանկությո՞ւնը. մուտք գործեք թատրոն:
-Թատրոնում ես երբեւէ անպայման հայտնվելու եմ. դա հաստատ: Բայց որ ասեմ, շատ ջանք եմ թափել, որ թատրոնում լինեմ, չէ, սուտ կլինի: Ամեն դեպքում, այդ ցանկությունը միշտ էլ ունեմ, եւ եթե գործեմ, գործելու եմ միանգամից: Ուղղակի դեռ չեմ կողմնորոշվում, թե կոնկրետ որտեղ հանդես գամ: Բայց այնպես չէ, որ այս ընթացքում պարապ եմ մնում: Ասեմ, որ երկար ժամանակ է` հաճախում եմ կիթառի դասընթացների. շատ եմ սիրում նվագել այդ գործիքի վրա. դա իմ հոբբին է: Ընկերական միջավայր, խարույկ, խմիչք, անձրեւային եղանակ եւ կիթառ. սա ինձ համար երազելի իրավիճակ է:
-Նիկոլա՛յ, Ձեր ընկերը` դերասան Արսեն Լեւոնյանը, վերջերս մեկնել էր Ղարաբաղ` որպես կամավոր: Տեղյա՞կ եք այդ մասին: Ապրիլյան պատերազմից հետո որպես երիտասարդ հայ տղա ի՞նչ մտահոգություններ ունեք:
-Արսենն իսկապես 18 օրից ավելի եղել է Ղարաբաղում: Մեր շատ ընկերներ այդ մասին ավելի ուշ են իմացել: Նա հիմա արդեն վերադարձել է: Արսենը մեծացել է մի ընտանիքում, որտեղ հայի տեսակը բարձրագույն արժեք է: Այլ կերպ լինել չէր կարող: Եթե անհրաժեշտություն լինի, միանշանակ, ես ինքս էլ պատրաստ եմ մեկնել այնտեղ: Իմ ծանոթների շրջանում գիտեմ մեկին, ով թողել էր իր գործերն ու արտերկրից եկել Ղարաբաղ` որպես կամավոր: Ինձ շատ ոգեւորեց մեր զինվորների խիզախությունը, մեր ժողովրդի համախմբվածությունն այդ օրերին: Այս մասին ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհն էր խոսում: Ես զգացել եմ ե՛ւ անհանգստություն ու ցավ, ե՛ւ միաժամանակ, հպարտություն: Իսկապես, հպարտ եմ, որ հայի տեսակ եմ, հայի գենի կրողը:
ՄՀԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐԻ
Հունիսի 16-ին կկայանա երգիչ Մհերի` (Մհեր Մեսրոպյան) թվով 4-րդ մենահամերգը Երեւանում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ համերգի ընթացքում հանդիսատեսին սպասվում են մի շարք անակնկալներ. «Կհնչեն ոչ միայն նոր երգեր, դուետներ հայտնի եւ սիրված արտիստների հետ, օրինակ` Սոնայի, Սեւակ Ամրոյանի, այլեւ կներկայանամ բոլորովին նոր, հանրությանը անհայտ կատարողների հետ»,- ասաց երգիչը` խոստանալով բացահայտել նոր անուններ եւ հանդիսատեսի հետ պահպանել ինտերակտիվ կապը:
Քանի որ համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մենք հետաքրքրվեցինք` արդյոք Մհերն ավելի մեծ դահլիճներ լցնելու մտադրություն չունի՞. «Ես դրա կարիքը չունեմ, հանդիսատեսի քանակ ապահովելու, տոմսեր վաճառելու խնդիր իմ առջեւ չեմ դրել: Փոխարենը ուզում եմ ստեղծել մտերմիկ միջավայր: Ի դեպ, շատերը համերգին կներկայանան հրավիրատոմսերով»,-պատասխանեց նա:
Հաշվի առնելով, որ մենահամերգի խորագիրն է «Ձօ ՎՏÿ վպՉպրՑՈ», երգչին հարցրինք` արդյոք այժմ նրա կյանքում կա մեկը, որին ինքը կարող է ուղղել այդ խոսքերը. «Դեռ ոչ: Ամեն դեպքում ամուսնանալու, ընտանիք կազմելու ցանկություն արդեն ունեմ»,-մեկնաբանեց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ մենահամերգի օրը` միջոցառման ավարտին, կկայանա նաեւ համանուն ձայնասկավառակի պաշտոնական շնորհանդեսը: Սա Մհերի` թվով 4-րդ ալբոմն է:
Երգիչը, սակայն, հանդիսատեսի եւ հեռուստադիտողների համար մեկ այլ անակնկալ էլ ունի: Նա շուտով հանրության դատին կհանձնի հենց «Ձօ ՎՏÿ վպՉպրՑՈ» անունը կրող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի հեղինակներն են Արսեն Բարսամյանն ու Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգի Հարությունյանն է` Մհերի պրոդյուսերը: Տեսահոլովակը եթերում կլինի մենահամերգից առաջ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Լոնդոնում կայացած Christie’s-ի աճուրդում հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» կտավը վաճառվել է 194.500 ֆունտ սթերլինգով: Ինչպես գրում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն` հղում անելով աճուրդի տան կազմակերպիչներին, նկարչի երկու այլ աշխատանքներ վաճառվել են 158.500 եւ 110.500 ֆունտ սթերլինգով: Christie’s-ի ռուսական գեղանկարչության վաճառքի առաջին շրջանի արդյունքների հիման վրա ձեռք է բերվել 1.9 մլն ֆունտ սթերլինգ: Գլխավոր նմուշը դարձել է հենց Այվազովսկու կտավը:
ABBA-Ն` ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ
ABBA լեգենդար խմբի անդամներ Բիոռն Ուլվեուսը եւ Բենի Անդերսոնը նշել են իրենց համատեղ ստեղծագործական գործունեության 50¬ամյա հոբելյանը: Ստոկհոլմի «Բյոռնս» ակումբի մասնավոր երեկույթը, որն անցկացվել է հունիսի 6¬ի գիշերը, ավարտվել է նրանով, որ խմբի բոլոր չորս երաժիշտները՝ Բիոռն Ուլվեուսը, Բենի Անդերսոնը, Ագնետա Ֆելտսկոգը եւ Աննի¬Ֆրիդ Լինգստադը, միասին հայտնվել են բեմում՝ կատարելու իրենց կոմպոզիցիաներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»¬ը՝ հղում անելով Expressen թերթին: Նշանավոր կատարողներին շնորհավորելու համար «Բյոռնս»¬ի բեմ են բարձրացել երկրի ճանաչված երաժիշտներից շատերը: Բիոռնը, Բենին, Ագնետան եւ Աննի¬Ֆրիդը վերջին համատեղ համերգը տվել են 1980 թվականին: Երաժիշտները չեն պատրաստվում այլեւս միասին ելույթ ունենալ հանրության առջեւ:
Հիշեցնենք, որ շվեդական ABBA քառյակը ամենահայտնի խմբերից մեկն է երաժշտության պատմության մեջ. այն ստեղծվել Է 1972 թվականին:
ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ
Հանրահայտ դերասանուհի Հելեն Միրենը պաշտպանել է ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ, մոդել Քիմ Քարդաշյանին: The Guardian-ին տված հարցազրույցում նա շնորհակալություն է հայտնել Քիմին այն բանի համար, որ վերջինս իր կերպարով կոտրել է կարծրատիպերը: Միրենի համոզմամբ` Քիմ Քարդաշյանն ու Ջենիֆեր Լոպեսը բավական ջանք են գործադրել, որպեսզի հասարակական կարծիքը փոխվի ու կանացի ճոխ կազմվածքը դառնա ակտուալ. «Հրաշալի է, որ այսօր թույլատրվում է հետույք ունենալ: Իմ կարիերայի սկզբին Հոլիվուդում ամոթալի էր համարվում նույնիսկ ներքնազգեստի ծայրը ցուցադրելը: Ես սիրում եմ համարձակ ու անկաշկանդ կանանց եւ ուրախ եմ, որ այդպիսիք հիմա կան: Քիմը ստիպել է բոլորին ընդունել, որ կինը կարող է ճոխ կազմվածք ունենալ ու միաժամանակ լինել սեքսուալ»,- նկատել է դերասանուհին: