Այսօր լեգենդար Ռեյ Չարլզի մահվան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժշտությունը թերեւս միակ բանն է, որ մարդկանց համար կռվախնձոր չի դարձել: Հարեւանները չէին հասկանում, թե կույր տղայի մայրն ինչու է ստիպում նրան աշխատել տնից դուրս, օրինակ` փայտ բերելու: Իսկ մայրս ասում էր. «Նա կույր է, բայց ոչ հիմար»:   Գիտեմ, որ շատերը չէին համաձայնի ինձ հետ, բայց ես համարում եմ, որ երաժշտությունն արվեստների արվեստն է: Նրանք, ովքեր կինո են նկարահանում կամ գրում են, հնարավոր է ասեն. «Ռեյ, դու գժվել ես», սակայն ես, միեւնույն է, այդպես եմ մտածում:   Ասում են, որ պատերազմները նպատակ ունեն, ես դրանում համոզված չեմ:   Տեսնող մարդիկ երբեմն մոռանում են, որ կույրերը նույնպես խելք ունեն:   Ես հավատում եմ, ամուր հավատ ունեմ դեպի Աստված: Սակայն ես ոչ կաթոլիկ եմ, ոչ ուղղափառ, ոչ հրեա, ոչ մուսուլման, ու, իմ կարծիքով, դա Աստծուն լիովին բավարարում է:

Դաշնամուր… դա հիմքն է: Սա անվիճելի է:   Թերեւս ռասիզմը միշտ կլինի:   Երբ երգում ես, իմաստն այն է, որ քեզ հավատան: Երբ մարդը լսում է քեզ ու ասում. «Երեւի այս դեպքն իրոք պատահել է նրա հետ, ուրեմն դու նրան գրավել ես: Սակայն սկզբում դուք ինքներդ պետք է զգաք երգը:   Ես դժվարությամբ եմ հիշում, թե ինչ է նշանակում տեսնել: Կարեւորը, որ ես հիշում եմ` սա մայրս է, ինչպիսի տեսք ունի… ու հետո՝ ես գույներն եմ հիշում:   Տեսողությունը քո գիտակցության մեջ է:

6 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ ամերիկացի կույր երաժիշտ, ավելի քան 70 ստուդիական ալբոմների հեղինակ, սոուլ, ջազ ու «ռիթմ էնդ բլյուզ» ոճում աշխարհի ամենահայտնի կատարողներից մեկը` Ռեյ Չարլզը:

Երաժիշտը ծնվել է 1930 թ.՝ Ջորջիա նահանգի Օլբանի փոքրիկ քաղաքում` Բեյլի ու Արետա Ռոբինսոնների ընտանիքում: Նրա երաժշտական տաղանդն ի հայտ է եկել դեռ դպրոցական տարիքից: Հենց Սենտ Օգուստինի դպրոցում նա սովորել է նվագել դաշնամուր, տրոմբոն, կլառնետ, երգեհոն ու սաքսաֆոն, իսկ որոշ ժամանակ անց որոշել է հանդես գալ որպես Ռեյ Չարլզ` բռնցքամարտիկ Ռեյ Ռոբինսոնից տարբերվելու համար: Ռեյն ունի 12 երեխա, որոնցից միայն 3-ն են ծնվել ամուսնությունից:

Ռեյ Չարլզն արժանացել է 17 «Գրեմմի» մրցանակի (5-ը` հետմահու): Նա իր արժանի տեղն է զբաղեցնում ռոքնռոլի, ջազի, քանթրիի ու բլյուզի ասպարեզում: Նրա ձայնագրությունները պահպանվում են ԱՄՆ կոնգրեսի գրադարանում: 1981 թ. հոլիվուդյան հայտնի «Փառքի ծառուղում» բացվեց նրա անունը կրող աստղը:

Հանրահայտ Ֆրենկ Սինատրան Ռեյին անվանել է «շոու-բիզնեսի միակ իսկական հանճարը»: Երգչի տաղանդի առջև գլուխ են խոնարհել Փոլ Մաքքարտնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուոնդերը, Թոմ Կրուզը, Վան Մորիսոնը և այլոք: 2004 թ. Rolling Stone ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների վարկանշային աղյուսակում:

Ռեյ Չարլզի կյանքի մասին նկարահանվել է «Ռեյ» կենսագրական ֆիլմը, որը էկրան է բարձրացավ նրա մահվանից հետո` 2004 թվականին:

Լեգենդար երգիչը երկարատև հիվանդությունից հետո մահացավ 73 տարեկանում՝ Բևերլի Հիլզի իր տանը, թաղվեց Կալիֆոռնիա նահանգում` Ինգլվուդում:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռեյն ասել է. «Ես հավերժ չեմ ապրի: Դա հասկանալու համար բավականաչափ խելք ունեմ: Բանն այն չէ, թե որքան երկար կապրեմ, այլ այն, թե որքան գեղեցիկ կլինի իմ կյանքը»:




Լրահոս