Լևոն Զուրաբյանն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստում վերանայել ՀՀ 2016թ. բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարությանն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստով վերանայել ՀՀ 2016թ. պետական բյուջեն: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Լևոն Զուրաբյանը նշեց, որ այդ քայլին կառավարությունը պետք է գնա՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները: «Եթե համարում են, որ շտկելու տեղ կա, եթե համարում են, որ ԱԺ­ն ինչ­որ բան հաստատել է, և իրենք փոփոխություն չեն կարող անել, ես առաջարկում եմ արտահերթ նստաշրջանով վերանայել 2016թ. բյուջեն՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները:

Դա հնարավորություն կտա վերանայելու առաջնահերթությունները: Եթե դա չեն անում, ստացվում է, որ չեն ընդունում, որ Հայաստանը նոր մարտահրավերների առջև է կանգնած, չեն ընդունում քննադատությունը, չեն ցանկանում շտկել իրավիճակը»,-­ ընդգծեց Զուրաբյանը՝ հավելելով, որ լրագրողներից ակնկալում է, որ առաջարկը կհասցնեն կառավարությանը, իսկ կառավարությունից ակնկալում է հստակ պատասխան իր առաջարկին: Նա նկատեց, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի ծախսերն ավելացել են 109 միլիարդ դրամով՝ ընդգծելով, որ իրենք դեմ չէին լինի այդ ծախսերին, եթե դրանք ուղղված լինեին տնտեսության աշխուժացմանը, արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

«Ես այս հարցը բարձրացրել եմ նաև կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, և այդ ժամանակ վարչապետն ասաց, որ ընդունում է քննադատությունը և հավելեց, որ այդ ծախսերն ավելացնելը հաստատել է ոչ թե կառավարությունը, այլ Ազգային ժողովը: Այսինքն, նա ցանկանում էր դրանով ասել, որ իրենք միայն տնօրինում են պահուստային ֆոնդը, իսկ ծախսերն ավելացնելու որոշումը հաստատել է Ազգային ժողովը: Հիմա ես մի կողմ եմ դնում այն, որ Ազգային ժողովը հենց այնպես չի հաստատել դա: Կառավարությունը դա բերել է, որ Ազգային ժողովն էլ հաստատել է:

Ես կրկնում եմ իմ առաջարկը, եթե ընդունում են քննադատությունը, թող բերեն արտահերթ նիստով վերանայեն 2016թ. բյուջեն՝ առաջնայնությունները հասկանալու համար»,­ եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:




Լրահոս