Շատերին է հետաքրքիր, թե այժմ որտեղ է եւ ինչով է զբաղվում «Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի դարձած գյումրեցի երգչուհի Մելինե Գալոյանը, որի գրեթե ամեն ելույթից հետո ժամանակին մեծ բում էր լինում: Այնինչ՝ վերջին շրջանում Մելինեն, կարծես, էկրաններին չի երեւում:
Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընդգրկված է Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայում. մեներգիչներից մեկն է: Մելինեն ներկայանում է «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կազմում (գեղ. ղեկավար եւ դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):
Բացի սա` Մելինեին առաջիկայում սպասվում է բավական պարտավորեցնող մի կատարում: Նա մեզ տեղեկացրեց, որ նույն «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կազմում հունիսի 25-ին հանդես կգա նաեւ Գյումրու Վարդանանց հրապարակում: Հռոմի պապը Հայաստան կատարելիք այցի շրջանակում այնտեղ պատարագ կմատուցի, իսկ երգչախումբը ելույթ կունենա լատիներենով:
Մենք, անդրադառնալով «Հայաստանի ձայնը 3» նախագծի շրջանակում Մելինեի եւ իր մարզչի` երգիչ Հայկոյի համագործակցությանը` հարցրինք` արդյոք դրա արդյունքում ծնվել է նոր երգ, եւ երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին. «Այո, երգն արդեն կա, դրա հեղինակը Հայկոն է: Ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը կթողարկվի այս ամռանը»,-տեղեկացրեց Մելինեն:
Երգչուհին երկրպագուների համար մեկ այլ անակնկալ էլ ունի. նա պլանավորում է առաջիկայում հանդես գալ մենահամերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայում, ջազ-վոկալ բաժնի շուտով արդեն երկրորդ կուրսի ուսանողուհին երբեմն ներկայանում է բարեգործական համերգներով, երգում է ակումբներում:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք Մելինեին առաջիկայում կտեսնենք որեւէ հայկական երաժշտական նախագծի շրջանակում, ինչպիսին, օրինակ, «Հայաստանի ձայնն» է. «Կուզենամ մասնակցել որեւէ նմանատիպ նախագծի, բայց արդեն արտերկրում»,-նշեց երգչուհին:
Աննա Բաբաջանյան