Կայացավ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը: Հանդիպման նպատակը նշված ծրագրի վերջնական արդյունքների ամփոփումն էր: Ծրագիրն իրականացվում էր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC/ՇԶՀԳ) աջակցությամբ: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը, Հարավային Կովկասում ՇԶՀԳ-ի ծրագրի պատասխանատու Պատրիկ Օլսոնը, ՇԶՀԳ-ի հումանիտար օգնության բաժնի պետ Մարթինա Ռամինգը, ծրագրի համաղեկավար, առաջին քարտուղար Լուկաս Լուշերը, ՇԶՀԳ-ի հայաստանյան գրասենյակի համաղեկավար Զառա Ալավերդյանը, ՇԶՀԳ-ի հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը և ՇԶՀԳ-ի «Տարածաշրջանային արագ արձագանքման ծրագրի» համակարգող Անտոն Բիլանգը:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից` Հ. Մխիթարյանը ասաց, որ արդեն 12 տարի է, ինչ ԱԻՆ-ը համագործակցում է ՇԶՀԳ-ի հետ՝ նշելով, որ «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 2200 հրշեջ-փրկարարներ, որոնց մի մասը, արդյունքում, դարձել է նաև ոլորտի փորձագետ:

– Այսօր բոլոր ՀՓՋ-ները հագեցած են անհրաժեշտ գույքով, հանդերձանքով և սարքավորումներով: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ը ևս հագեցվեց նորագույն տեխնիկայով և տեղեկատվական սարքավորումներով: Ծրագրի շրջանակներում ՀՀ մի քանի մարզերում պատրաստվեցին շուրջ 800 բուժաշխատողներ, որոնք ձեռք բերեցին նաև դժվարին պայմաններում փրկարարական աշխատանքներ անցկացնելու հմտություններ: 2013 թ. մեկնարկեց «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագիրը: 13-16 թթ. Երևանում, Շիրակի, Տավուշի, Լոռիի և Սյունիքի մարզերում ստեղծվեցին INSARAG-ի չափանիշներին համապատասխան միջին քաղաքային որոնողափրկարարական թիմեր, որոնք համալրվեցին արդի և բարձր որակի փրկարարական գույքով և միջոցներով, – նշեց Հ. Մխիթարյանը:

Փոխնախարարը ընդգծեց նաև, որ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շնորհիվ և ՇԶՀԳ-ի աջակցությամբ Երևանի ՔՈՓ թիմը 2015 թ. սեպտեմբերին անցավ INSARAG միջազգային որակավորում:

– Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել ՇԶՀԳ-ին և ի դեմս ձեզ բոլոր այն կազմակերպություններին ու պետություններին, որոնք աջակցել են Հայաստանին այս դժվարին, բայց պատվաբեր գործում: Հավատացած եղեք, որ ձեր փոխանցած գիտելիքներն ու միջոցները կծառայեն ոչ միայն հայ ժողովրդին, այլ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր երկրի, – հավելեց Հ. Մխիթարյանը:

Հարավային Կովկասում ՇԶՀԳ ծրագրի պատասխանատու Պ. Օլսոնը նշեց, որ դեռևս 2004 թ.-ին որոշում էր կայացվել Հայաստանին աջակցել ոչ միայն արձագանքման, այլև պատրաստվածության բարձրացման հարցում: Նա բարձր գնահատեց Հայաստանի կարողություններն աղետների դեմ պայքարի պատրաստվածության առումով և հավելեց.

– Սկզբում մենք չէինք պատկերացնում, որ նախագիծն այսքան հեռու կգնա: Շնորհակալ եմ, որ այդքան ժամանակ տրամադրեցիք որակավորմանը. արդյունքներն իսկապես շատ բարձր են: Դուք արդեն պատրաստ եք դիմագրավել յուրաքանչյուր արհավիրքի: Մարդասիրական օգնության համատեքստում ծրագրերը կլինեն շարունակական: Մեր երկրում ավանդույթ կա, համաձայն որի` տարբեր պետությունների ՓԾ ներկայացուցիչների հրավիրում ենք համատեղ վարժանքների: Շատ ուրախ կլինենք նմանատիպ վարժանք ունենալ նաև ձեզ հետ, – եզրափակեց Օլսոնը:

ՇԶՀԳ-ի հումանիտար օգնության բաժնի պետ Մ. Ռամինգն ընդգծեց, որ ՇԶՀԳ-ի նման արդյունքները հնարավոր չէին լինի առանց լավ գործընկերոջ և հունիսի 6-9-ի Գյումրիի վարժանքը ՀՀ ԱԻՆ-ի և ՇԶՀԳ-ի միջև երկարատև համագործակցության վերջին «հրավառությունն» էր, որի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն ականատես եղան Երևանի և ՀՀ 4 մարզերի ՔՈՓ թիմերի բարձր պատրաստվածությանը: Ըստ նրա` այն կարող է դրսևորվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին օգնություն ցուցաբերելիս:

– Այսօր մենք տեսնում ենք մասնագիտացված փրկարարների, իսկ Գյումրիի վերջին վարժանքն ուներ իր խորհրդանշական կողմը. Հայաստանին մեր կողմից աջակցությունը մեկնարկեց Սպիտակի երկրաշարժից, և այժմ մենք մեր առաքելությունն ավարտում ենք նույն վայրում: Կարող ենք ասել, որ շրջապտույտն ավարտվեց, – ասաց Մ. Ռամինգը:

Միջոցառման ավարտին Հ. Մխիթարյանը և Մ. Ռամինգը հավաստագրեր հանձնեցին Երևանի և ՀՀ 4 մարզերի միջին ՔՈՓ թիմերի ղեկավարին` INSARAG-ի ուղեցույցի համաձայն ազգային որակավորումը հաջողությամբ անցնելու կապակցությամբ: Իր հերթին ՇԶՀԳ-ը շնորհակալագրեր հանձնեց ԱԻ նախարարության 7 աշխատակիցների` ծրագրի իրականացման հարցում ունեցած ավանդի համար:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2013 թ. և կավարտվի այս տարի: Դրա նպատակն է ամրապնդել ԱԻՆ ապակենտրոնացված փրկարարական համակարգը և կատարելագործել պատասխանատու պետական կառույցների բնական և տեխնածին աղետներին արձագանքման կարողությունները:

2013-2016թթ. ստեղծվել են INSARAG-ի չափանիշներին համապատասխան 5 տարածքային արագ արձագանքման թիմեր Երևանում, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում:

Շվեցարացի և այլ եվրոպական երկրներից հրավիրված փորձագետների կողմից անցկացվել են կառավարման, փաստաթղթերի մշակման, համակողմանի ապահովման, OSOCC-ի բազային, փրկարարական մեթոդների, տեխնիկական և վերահսկման դասընթացներ, որոնց մասնակցել են ստեղծված տարածքային արագ արձագանքման թիմերի ղեկավար և փրկարարական անձնակազմերը: Թիմերը համալրվել են անհրաժեշտ գույք-սարքավորումներով:

Անցկացվել են դաշտային ուսումնավարժանքներ՝ ստուգելու թիմերի կարողությունները, գիտելիքները և ունակությունները, որի արդյունքում ձևավորվել են ներքին որակավորում անցած միջազգային չափանիշների համապատասխան հինգ թիմեր:

Ծրագրի ավարտին` 2016թ. հունիսի 6-9-ը, Գյումրիում նախատեսվածի համաձայն՝ անցկացվեց թիմերի ներքին որակավորման 36-ժամյա դաշտային եզրափակիչ վարժանք, որին մասնակցում էին նշված մարզերի թիմերը` 300 մասնակիցներով:




Լրահոս