Ինչո՞ւ ՀՅԴ-ն չի բողոքում 800 հա տարածքի կորստի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմից 800 հեկտար տարածքի կուրստը զարմանալիորեն լուրջ բողոքի եւ ընդվզման ալիք չբարձրացրեց ՀՀ քաղաքական դաշտում: Բացի մեկ-երկու մարգինալ քաղաքական ուժերից, խորհրդարանում ներկայացված եւ ազդեցիկ մնացած քաղաքական ուժերը, մեծ հաշվով, այդ կորուստն ընդունեցին ի գիտություն, եւ ոչ ավելին: Այդ ուժերի թվում իր լռությամբ առանձնապես աչքի ընկավ ազգայնական համարվող «Հայ հեղափոխական դաշնակցությունը»:

Թե որն է պատերազմի տարիներին իշխանություններին «ծառերից կախելու» կոչեր անող ՀՅԴ ներկայիս լռության պատճառը, «Ժողովուրդը» փորձեց պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից:

-Պարո՛ն Վարդանյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մենք կորցրել ենք 800 հեկտար տարածք: ՀՅԴ-ն լինելով ազգայնական գաղափարախոսոթյուն ունեցող ուժ՝ զարմանալիորեն այս մասով իր դժգոհությունները չհայտնեց: Ինչո՞ւ:

-Մենք բազմիցս հայտնել ենք: Սա դարձնել մատի փաթաթան, նախ ինքնին սխալ է: Այնպես չի, որ կար հստակ պետական սահման, դեմարկացիոն գիծ, որը խախտվել է: Այս վերջին 20-24 տարիների ընթացքում այդ շփման գիծը տասնյակ անգամներ, եթե ոչ հարյուր անգամներ տեղաշարժվել է այս կողմ, այն կողմ:

Մենք էլ տարբեր ժամանակներում ամրապնդել ենք մեր դիրքերը, ավելի հարմար դիրքեր դուրս եկել, բայց սա չի էականը այսօր: Այսօր էականն այն է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հերթական ագրեսիան տապալվեց, ձախողվեց, հայկական բանակը, հայ ուժերը անձնազոհության շնորհիվ կարողացան այդ ծրագիրը` բլից կիրգը տապալել, սա է արդյունքը: Վաղը կարող է այդ նույն 800 հեկտարի մի ուրիշ տեղում մենք նոր դիրքեր ունենանք: Այս փոփոխություններն այնքան են եղել եւ ավելի հաճախ հօգուտ մեզ, բայց որեւէ մեկը չի եկել, չի ասել՝ տեսեք, այստեղ հազար հեկտար մեր հսկողության տակ է:

Այո, շատ բարդ իրավիճակ է, շատ ծանր, լայնածավալ հարձակում էր ամբողջ սահմանի երկայնքով, հարյուրավոր զրահամեքենաներ, տանկեր կուտակված էին, որոնք փորձում էին ճեղքել կենտրոնը, բայց տապալվեց: Ադրբեջանը ձախողվել է. սա է իրականությունը: Մենք, այո, ունեցել ենք կորուստներ, եւ ամենաթանկ կորուստները մեր զինվորների՝ այս ընթացքում հարյուրից ավելի կորուստն էր, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի կորուստ ունեցավ:

Եւ այս առումով սա չէ այսօրվա հիմնական հարցը, այլ մեր պատկերացումներով դա Ղարաբաղի խնդրի կարգավորումն է, դրանից հետո հնարավոր կլինի խոսել հաջողությունների մասին:

-Պարո՛ն Վարդանյան, տեղյակ եք, որ թեեւ Նախիջեւանի կողմում ռազմական գործողություններ չեն եղել, բայց հայկական կողմը մինչեւ Երախս գետը տարածնքներ է զիջել հակառակորդին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, ի՞նչն է եղել պատճառը:

-Ես պետք է հորդորեմ Ձեզ, որ այդ կարգի տեղեկությունները հենց այդպես, օդի միջից չլինեն, ընդհակառակը, ես գիտեմ, որ մեր դիրքերը էապես ամրապնդվել էին Նախիջեւանի հատվածում, եւ այս կարգի տեղեկություն պաշտոնական չկա, իսկ ես հավատում եմ պաշտոնական տեղեկություններին: Երասխի գիծը այն սահմանն է, որտեղ ուղղակի նահանջելու տեղ չկա, ես եղել եմ այնտեղ կռիվների ժամանակ, այնտեղ սահմանային գիծը այդպիսին չէ:

-Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

-Կարծում եմ, որ մեր շահերից է բխելու. մենք այսօր չունենք այլընտրանք՝ մեր անվտանգության ապահովման: Մեր համաձայնագիրը տարբերվում է այլ երկրների` Բելառուսի, Ղազախստանի համաձայնագրերի օրինակներից: Մենք միավորված համակարգ ենք ստեղծում, որտեղ ղեկավարումը մեզ է պատկանելու. մենք ենք որոշելու օդային պաշտպանության ուժերի օգտագործումը, ժամկետները եւ այլն, եւ սա էլ, կարծում եմ, որ կուժեղացնի մեր անվտանգությունը:

Պաշտպանության նախարարությունը երեկ տարածել է մանրամասն հայտարարություն, որտեղ բացատրում է մեր եւ մյուսների համաձայնագրերի տարբերությունը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս