Մշակույթի նախարարությունը խախտել է մաքսազերծման պայմանները. միլիոնների հասնող վնաս պետբյուջեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ մշակույթի նախարարությունում: ՎՊ կողմից ուսումնասիրվել է «Ավստրիական Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի եւ Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման գործընթացը:

ՀՀ մշակույթի նախարարությունը դեռեւս 2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ գրություն է ներկայացրել, որտեղ նշել է, որ երկու դահլիճների ձայնային եւ բեմական սարքավորումների ձեռքբերման, մոնտաժման, ետ մոնտաժային սպասարկման, ուսուցման եւ խորհրդատվության նպատակով անհրաժեշտ է 8 մլն 9 հազար եվրո: Նշվել է նաեւ, որ ակուստիկ, բեմական եւ դահլիճային չափանիշների համապատասխանեցման աշխատանքները կազմում են 1 մլն 162 հազար եվրո, եւ ներկայացվել է վերջնական նախահաշիվ 2 դահլիճների տեխնիկական վերազինման նպատակով, որը կազմել է 8 մլն 969 հազար եվրո:

Սակայն 2012 թվականի մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ կնքված 8 մլն եվրո արժեքով պայմանագրով նախատեսվել եւ իրականացվել է միայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճի տեխնիկական վերազինումը:
Թեեւ 2012թ. հունիսի 26-ին ՀՀ եւ ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշնլ Էյ Ջի» կազմակերպության միջեւ կնքված վարկային համաձայնագրով, ինչպես նաեւ վարկային ծրագրի նախահաշվով նախատեսվել է իրականացնել երկու դահլիճների տեխնիկական վերազինում, սակայն փաստաթղթերում առանց համապատասխան փոփոխություն կատարելու իրականացվել է միայն մեկ դահլիճի տեխնիկական վերազինում:

Ըստ պայմանագրի՝ աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2013թ. փետրվարի 28-ը: Սակայն տեխնիկական վերազինման աշխատանքների հանձնում-ընդունումն իրականացվել է նախատեսվածից մեկ ամիս ուշացումով՝ 2013թ. ապրիլի 8-ին: Բացի այս՝ ձայնային սարքավորումները, որոնց արժեքը կազմել է 144.4 հազար եվրո, ՀՀ մաքսային տարածք են մուտք գործել 2013թ. փետրվարի 6-ին, բայց մաքսազերծվել են 2014թ. սեպտեմբերի 23-ին: Նաեւ 2013 թվականի հունվարի 26-ին ՀՀ տարածք ներմուծված 638.2 հազար եվրոյի ձայնային սարքավորումների մաքսազերծումն իրականացվել է 2013թ. ապրիլի 23-ին կամ հանձնում-ընդունումից 15 օր հետո: Մինչդեռ մշակույթի նախարարությունն ընդունել է, որ վերոնշյալ ապրանքները ստացվել, տեղադրվել եւ անխափան գործում են, այն դեպքում, երբ դրանք հանձնման-ընդունման պահին դեռեւս մաքսազերծված չեն եղել:

Եւ միայն 2013 թվականի հունիսի 12-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին գրությամբ տեղեկացրել է, որ ներկրված ապրանքների մատակարարների կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերում եղել են տեխնիկական եւ թվաբանական սխալներ: Ապա պարզվել է, որ 2013 թվականի փետրվարին ներկրված 144.4 հազար եվրո արժողությամբ ապրանքները որեւէ մաքսային ռեժիմով չեն հայտարարագրվել:

Նաեւ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված 8.7 հազար եվրո արժողությամբ որոշ ապրանքների փոխարեն ներմուծվել են պայմանագրով չնախատեսված ապրանքներ՝ առանց համապատասխան փոփոխություն կատարելու: Տեխնիկական վերազինման աշխատանքների հանձնում-ընդունումն իրականացվել է պայմանագրով նախատեսված ժամկետից մեկ ամիս ուշ: Իսկ, ահա, 782.6 հազար եվրո արժողությամբ ձայնային սարքավորումների՝ մաքսազերծված չլինելու պարագայում իրականացվել է դրանց հանձնման-ընդունման գործընթացը:

Այնուամենայնիվ, մշակույթի նախարարությանը ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են մաքսային վճարների, տույժերի եւ տուգանքների վերաբերյալ հաշվարկներ, որը կազմել է 82 մլն 829 հազար դրամ, այդ թվում 35 մլն 319 հազար դրամը տույժեր եւ տուգանքներ:

Արդյունքում 2014 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացրել է 82 մլն 829 հազար դրամ վերոնշյալ պարտավորությունների կատարման համար: Ստացվում է, որ մշակույթի նախարարության թերի, անկազմակերպ աշխատանքի պատճառով պետբյուջեից վճարվել է ավելի քան 82 մլն դրամ: Այսքան գումար վատնվել է՝ ժամանակին որեւէ մաքսային ռեժիմով չհայտարարագրելու եւ արդեն իսկ հայտարարագրված ու մաքսազերծված ապրանքների փաստաթղթերում սխալներ հայտնաբերելու արդյունքում:

Իսկ թե ով եւ ինչպիսի պատասխանատվություն է կրել այս ամենի համար, հայտնի չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս