Ամեն կին ընտրում է իր էությանը բնորոշ ներքնազգեստ. ոճաբանի խորհուրդները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնասիրելով մարդկության պատմությունը` հանդիպում ենք մեզանից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց հագուստի ոճի, գույնի եւ գործվածքի մասին տվյալների: Եթե վերադառնանք մարդկության ստեղծման պատմությանը` ըստ Աստվածաշնչի, կարող ենք տեսնել, որ Ադամն ու Եվան իրենց մերկությունը ծածկելու համար ժամանակավոր հագուստ էին պատրաստել՝ թզենու տերեւներն իրար կարելով։ Սակայն հետագայում Աստված դրանց փոխարեն նրանց տվեց «կաշվե երկար հագուստներ», որոնք ավելի դիմացկուն էին: Կան դիզայներներ, որոնք նշում են, որ Ադամի ու Եվայի` թզենու տերեւներից հագուստը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ներքնազգեստ:

13427793_1071922132888852_7772808693800241429_n

Հետաքրքիր է, որ հին ժամանակներում ներքնազգեստներ` այսօր բոլորիս հայտնի տեսքով, գոյություն չունեին: Մարդիկ կրում էին վերնաշապիկ հիշեցնող հագուստներ: Իսկ կիսավարտիք հիշեցնող հագուստներն առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարում. դրանք մեծ տարածում ունեին հիմնականում կուրտիզանուհիների շրջանում: Արդեն 19-20-րդ դարերում Եվրոպայի էլիտար մասսան կրում էր նուրբ կտորներից ներքնազգեստներ: Բացի կորսետից, որը տարածում էր գտել ավելի վաղ, կանայք հագնում էին վարտիք, կրծկալ, վերնաշապիկ, շրջազգեստ, գոտի եւ նույնիսկ` զուգագուլպաների կապիչ:

Հետագայում ներքնազգեստներն աստիճանաբար կարճացան եւ նեղացան: Իսկ այսօր արդեն դրանք իրենց զանազանությամբ կարող են շլացնել թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց: Հագուստի այս տեսակը ոչ միայն ապահովում է հարմարավետություն, այլեւ հարստացնում է ցանկացած կնոջ արտաքին տեսքը` նրան հաղորդելով յուրահատուկ գրավչություն եւ սեքսուալություն: Ուստի ավելորդ չի լինի, որ ներքնազգեստի ընտրության հարցում ոչ միայն վստահեք սեփական ճաշակին, այլեւ տեղեկանաք մասնագետի խորհուրդներին:

13413501_1071922126222186_7955949788886167697_n

Ոճաբան Արփինե Կոշտոյանը «Ժողովուրդ»ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներքնազգեստի ընտրությունը եւ այն կրելը լուրջ մշակույթ է. այդ հագուստը պետք է լինի եւ՛ նուրբ, եւ՛ գայթակղիչ: «Չեմ պատկերացնում որեւէ կնոջ, որին այս թեման չհետաքրքրի: Ես վստահ եմ, որ շատ կանայք իրենց գումարներն ամենաշատը հենց ներքնազգեստներ գնելիս են շռայլում: Ուստի ճիշտ կլինի, որ նրանք ընտրեն զգեստին համապատասխան ներքնազգեստ, որի միջոցով կթաքցնեն իրենց կառուցվածքի թերությունները եւ կընդգծեն առավելությունները»,-նկատեց նա:
Ոճաբանի համոզմամբ` ամեն կին ընտրում է իր էությունը բնորոշող ներքնազգեստ. «Վուլգար կինը երբեք չի ընտրի նուրբ, բամբակյա հիմքով տարբերակ: Փոխարենը դա կնախընտրեն բնույթով հանգիստ ու հետաքրքիր կանայք, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակությամբ»,-մանրամասնեց Ա. Կոշտոյանը:

Անդրադառնալով նորաձեւ համարվող ներքնազգեստներին` ոճաբանը տեղեկացրեց, որ այս տարի ամենաթրենդային լուքը համարվում է ժանյակազարդ զգեստը, եւ այս միտումը կրկնվում է նաեւ ներքնազգեստների դեպքում. «Ուշագրավ է, որ ժանյակազարդ ներքնազգեստներից «ոգեշնչված»` տոնական զգեստներն, ասես, վերածվեցին գիշերազգեստների»,-նկատեց նա` հավելելով, որ այս տարի ակտուալ է նաեւ գիշերազգեստի վրայից թեթեւ խալաթ կրելը:

13432369_1071922136222185_4955246094397095659_n

Ի դեպ, Ա. Կոշտոյանը վերջերս ներկայացրել է ներքնազգեստների հավաքածու, որը, ըստ նրա, տարբերվում է իր ձեւաչափով. «Ես այս հավաքածուն ստեղծեցի իմ հաճույքի համար, եւ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ կանայք այսչափ կգրավվեն դրանով: Այս մեկ ամսվա ընթացքում ես նկատեցի, թե, առհասարակ, որքան է աճել կանանց հետաքրքրությունը հագուստի այս տեսակի նկատմամբ: Խոստանում եմ առաջիկայում եւս ստեղծել ներքնազգեստի, ինչու ոչ նաեւ` գիշերազգեստի նոր, հետաքրքիր հավաքածուներ»,-ասաց ոճաբանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս