Երևանում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երևան» փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը:

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հետ փառատոնին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Վերջին տարիներին Երևանում ձևավորվել են փառատոնային գեղեցիկ ավանդույթներ: «Համով-հոտով Երևանը» դեռ նախորդ տարի հասցրեց սիրվել և գնահատվել մեր համաքաղաքացիների ու հատկապես զբոսաշրջիկների կողմից: Վստահ եմ, որ մեր ավանդական խոհանոցով հպարտանալու առիթներ շատ կլինեն նաև այսօր և իսկապես կվայելեք Երևանի համն ու հոտը»,- Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Ազդարարելով փառատոնի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հատկանշել է միջոցառման կարևորությունը՝ ազգային խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման տեսակյունից:

««Համով-հոտով Երևան» խորագրով անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը, որն առաջինն է մեր ամառային փառատոների շարքում, նպատակ ունի հանրությանը, այդ թվում նաև Երևան այցելած հյուրերին ներկայացնելու հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին, ինչպես նաև նոր կյանք տալու հայոց տոնածիսական որոշ մոռացված կամ առավել հազվադեպ պատրաստվող կերակրատեսակներին: Փառատոնն առիթ է մեկ անգամ ևս անդրադարձ կատարելու մեր արմատներին և աշխարհին ներկայացնելու սերունդներից մեզ փոխանցված հարուստ, համադամ ժառանգությունը», – նշել է Մարիա Բարաղամյանը:
Արդեն ավանդաբար՝ փառատոնի մեկնարկին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը օրհնել է մատուցվող կերակուրն ու բարեբեր տարի մաղթել:
Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստները: Այդ հարցում նրանց օգնել են Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով ներկայացրել են հայկական ավանդական կերակրատեսակների պատմությունն ու խորհուրդը, ինչպես նաև տաղավար տոներից յուրաքանչյուրը:

Ներկայացվել են տաղավար տոներն իրենց ավանդական ուտեստներով, այդ թվում՝ Նավասարդ, Բուն բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման տոն, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ ծնունդ, Ծաղկազարդ, Տյառնըդառաջ և այլ տոներ: ԼՂՀ Քաշաթաղի Լեռնահովիտ համայնքի ներկայացուցիչների կողմից տաղավարներում նաև արցախյան խոհանոցն է ներկայացվել: Միջոցառմանը մասնակցել է մշակութային, ուսումնակրթական և խոհարարական արվեստի առաջատար 21 ընկերություն, այդ թվում՝ «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, Երևանի հայ-հունական պետական քոլեջը, Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնարանը, «Հատիս» խոհարարական թիմը, «Արարատ հոլը»՝ Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցով, «Բայազետ», «Իբիցա», «Արվասար», «Ծիրանի», «Ակումբ», «Ոսկեվազի գինու գործարան» ընկերությունները:

«Վերջին երկու տարիներին փառատոնն ավելի հետաքրքիր է դարձել՝ իր նոր մոտեցումներով ու մտահղացումներով: Փառատոնն այս ձևաչափով ու այս ընդգրկումով, իհարկե, հնարավոր չէր լինի անցկացնել, եթե չլիներ Երևանի քաղաքապետարանի ծավալուն այս աշխատանքը: Մենք էլ մեր մասով արել ենք հնարավորը, որ փառատոնն իսկապես տոն դառնա ու ծառայի նպատակին: Պետք է ասեմ, որ երկար ուսումնասիրություններից և փնտրտուքից հետո, այս տարի առաջին անգամ ներկայացնում ենք Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցների բաղադրատոմսերով պատրաստված ուտեստները, որոնք որոշ նմանություններ ունեն նաև Շիրակի դաշտավայրի խոհանոցին», – նշել է Սեդրակ Մամուլյանը:
Երևանցիներն ու հատկապես մայրաքաղաքի օտարազգի հյուրերը ուրախությամբ փաստել են, որ փառատոնն ազգային տոնակատարության է վերածվել և, անգամ, անտեսելով անձրևային եղանակը, տոնական տրամադրություն պարգևել:
«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացման ուղին, հետևաբար, ողջունվում են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են քաղաքային միջավայրում միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելուն: «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով փառատոները շատ են և, վստահ ենք, որ տարեցտարի զբոսաշրջիկները Երևան այցելելիս տարվա այս եղանակը կընտրեն հենց քաղաքային միջոցառումների մասնակիցը դառնալու համար», – նշել է Մարիա Բարաղամյանը:
«Համով-հոտով Երևան» փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել ազգագրական երգի-պարի «Սասնա ծռեր», «Զարթոնք», «Մարաթուկ» «Կարին» և այլ համույթներ: Տեղում կազմակերպվել են նաև վարպետաց դասեր:
Ծրագրի ավարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մասնակից բոլոր կազմակերպություններին հանձնվել են շնորհակալագրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս