ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե աղբահանության գումարներն ինչ սկզբունքով են գանձվում` բնակարանում բնակվողների քանակո՞վ, թե՞ փաստացի գրանցվածների թվով: Մեր տանն ապրում ենք 4 հոգով, բայց մեզնից միայն մեկն է գրանցված այդ հասցեում: Մեզանից պահանջում են կատարել վճարում չորս հոգու համար, մինչդեռ մեր հարեւանները 7 հոգով են ապրում, բայց վճարում են 3-ի փոխարեն: Խնդրում եմ պարզաբանել, թե որն է օրենքով ճիշտ:
Կարինե Գասպարյան, ՀԱԹ բնակիչ, 30 տարեկան, տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունը տեղեկացնում է, որ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի եւ Երեւան քաղաքի ավագանու 2011թ-ի դեկտեմբերի 23-ի N 360-Ն որոշման 7-րդ կետի համաձայն` աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ըստ փաստացի բնակվող անձերի քանակի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աղբահանության վճարների հաշվառման բազայի ստեղծման համար հիմք են ընդունվել համատիրությունների կողմից տրամադրված տեղեկությունները փաստացի բնակվող անձանց քանակի վերաբերյալ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ տվյալ հասցեում փաստացի չբնակվող, բայց երբեմն-երբեմն ազգականներին հյուր եկող մարդկանցից վարձավճար չեն գանձում: Թեեւ ամեն դեպքում վարձավճարի կոնկրետ չափը շարունակում է մնալ անհայտ: