Խստացված հսկողություն՝ շինհրապարակների պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին ու շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման հետ կապված իր դժգոհությունն է հայտնել:
«Այսօր մայրաքաղաքում քաղաքաշինական տարբեր ծրագրերով շինարարական աշխատանքներ են իրականացվում և որոշ դեպքերում նկատվում են այդ աշխատանքների կազմակերպման թերացումներ և բացթողումներ: Խոսքը մասնավորապես շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման, ոչ լիարժեք կահավորման և անվտանգության կանոնները չպահպանելու մասին է: Անգամ տեղեր կան, որտեղ քաղաքացիներն ստիպված շինհրապարակի տարածքով են անցուդարձ անում, ինչն ուղղակի անթույլատրելի է:

Եվ ակնհայտ է, որ տվյալ շինաշխատանքներն իրականացնողներն ուղղակի մատների արանքով են նայում սահմանված անվտանգության նորմերին, ինչը ոչ միայն պետք է դատապարտվի, այլև մեր համապատասխան ծառայությունների կողմից պետք է արձանագրվի ու վարչական տույժ կիրառվի: Այս հարցում պետք է լինեք շատ խիստ և հետևողական: Շինթույլտվություն տրամադրելուց հետո խստորեն հետևեք, որպեսզի շինհրապարակները կազմակերպվեն սահմանված նորմերին համապատասխան, այդ թվում նաև անվտանգության համապատասխան նշաններով կահավորված, որպեսզի բացառվեն ցանկացած տեսակի դժբախտ պատահարները: Եվ սա վերաբերում է ոչ միայն մասնավոր հատվածի, այլև հենց քաղաքային ծրագրերով իրականացվող քաղաքաշինական աշխատանքների կազմակերպմանը», – ընդգծել է քաղաքապետն ու շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արձանագրել և համապատասխան քայլեր ձեռնարկել նկատված բոլոր թերացումները վերացնելու ուղղությամբ:
Խորհրդակցության շրջանակում չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 44 վարչական արձանագրություն: Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել հետևողական:

«Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը պետք է վերանայեն իրենց աշխատաոճը: Մենք պետք է լինենք ոչ թե դիտորդի, այլ գործընթացի անմիջական մասնակցի դերում: Կոնկրետ դեպք արձանագրելիս և պատասխանատուներին հայտնաբերելիս ծանուցում ուղարկելու փոխարեն պետք է տեղում ենթարկել վարչական պատասխանատվության: Նման մոտեցում պետք է լինի և՛ աղբահանության, և՛ սանմաքրման աշխատանքերի կազմակերպման հարցում: Ըստ այդմ, հասցե առ հասցե, բակ առ բակ շրջեք և իրականցվող աշխատանքները պահեք ձեր անմիջական և խիստ հսկողության տակ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս