ԻՆՉՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 1999-2003 թվականներին եղել է «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավարը: Այս դաշինքի նախագահն ու «սեփականատերն» այն ժամանակ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էր, ով վերջերս վերադարձավ Հայաստան:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արտաշես Գեղամյանի հետ:

-Պարո՛ն Գեղամյան, օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այդ համաձայնագիրը մեր շահերից բխում:
-Հայաստանը եւ Ղարաբաղը գտնվում են դեֆակտո պատերազմական իրավիճակում: Չգրված օրենք կա. պատերազմական իրավիճակում՝ լինի դա հրամանագիր, պայմանագիր, որոնք այսպես թե այնպես առնչվում են պաշտպանության բնագավառին, անվերապահորեն պետք է օր առաջ հաստատվեն, որովհետեւ կան համապատասխան հարցադրումներ որոնց մասին հրապարակավ խոսելը նույնն է, ինչ մեծ նվեր մատուցել ադրբեջանա-թուրքական գլխավոր շտաբի հետախուզական վարչություններին: Եթե այս համաձայնագիրը հավանության է արժանացել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, ուրեմն մենք պետք է օր առաջ վավերացնենք եւ դրանով մեր սատարումը դրսեւորենք ի լուր աշխարհի, որ մենք անվերապահորեն վստահում ենք երկրի թե՛ բարձրագույն իշխանությանը, թե՛ ռազմական իշխանություններին:
Համաձայնագրի վավերացումը սթափեցնող որոշում կլինի, սթափեցնող դերակատարում կունենա ադրբեջանա-թուրքական բազեների համար, այն սառը ցնցուղ կլինի:
-Պարո՛ն Գեղամյան, Դուք եղել եք ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավարը, Բաբայանի համակիրը: Հիմա Սամվել Բաբայանը կրկին Հայաստանում է, հանդիպե՞լ եք նրան:
-Վերջին անգամ 6-7 տարի առաջ եմ հանդիպել. միջոցառում էր, եթե չեմ սխալվում՝ 2008 թվականին նախագահի երդման արարողության ժամանակ հանդիպեցինք, բնականաբար, որպիսությունը հարցրեցի, նա էլ՝ իմը: Դա է եղել վերջին հանդիպումը: Ձեր ակնարկը ես հասկանում եմ, այո՛, Սամվել Բաբայանը երբ կալանավորված էր, ես եղել եմ այն քաղաքական գործիչը, որը հրապարակայնորեն պաշտպանել է նրան: Ինչ վերաբերում է վերջին հայտարարություններին, ես ի լուր հանրապետության ասեմ, որ ցանկացած հարցի քննարկում, որը շոշափում է պաշտպանության բանակի գործունեության մասնագիտական նրբերանգներ, եթե դրանք ռացիոնալ են, եւ ինչքան ռացիոնալ են, եթե հրապարակային են, այդքան վատ մեզ համար, որովհետեւ մենք, այո՛, հետեւություններ կանենք, բայց հետեւություն կանի նաեւ թուրքական գենշտաբի անալիտիկ կենտրոնը, որը համարվում է ՆԱՏՕ-ի անալիտիկ լավագույն կենտրոններից մեկը եւ դրան հակաթույն կփորձի մշակել՝ ի չիք անելով մեր հնարավոր գարծողությունները: Ուստի բոլոր տեսակի ռազմական պաշտպանական հարցերին վերաբերող մասնագիտական այդ նեղ, բանիմաց առաջարկները հրապարակելը, ըստ իս, անընդունելի է, ում կողմից էլ որ դա լինի: Սա իմ տեսակետը, որից ես երբեք չեմ հրաժարվի, ինչպես չեմ հրաժարվում նրանից, որ Սամվել Բաբայանը նստած ժամանակ եզակի մարդկանցից է եղել, որի հետ այդքան մոտ չլինելով, ինչքան հանրապետության երկրորդ նախագահն էր, այո,՛ պաշտպանել եմ հրապարակավ:
-Կարծես թե Սամվել Բաբայանը ցանկություն ունի մտնել քաղաքականություն: Նրան լավ ճանաչելով՝ որտե՞ղ եք տեսնում առաջիկա զարգացումներում, ո՞ր դաշտում:
-Եթե ինքը իրեն չի տեսնում, ես ոնց կարող եմ տեսնել: Ինքը իր հնարավորություններն ավելի լավ գիտի, քան ես եւ Դուք:
-Պարո՛ն Գեղամյան, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի ընդունում, չի լսում Բաբայանին: Ի վերջո, Սարգսյանն անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին այցի գնաց՝ անտեսելով մինչ այդ եղած լրջագույն քաղաքական տարաձայնությունները, մինչդեռ Բաբայանի նկատմամբ մի տեսակ թշնամանք է նկատվում, ինչո՞ւ:
-Ես գիտեմ հետեւյալը. ՀՀ նախագահը վեհանձն անձնավորություն է, եթե նա կանգնում է կոնդեցիների հետ, որոնց տները քանդել են, հանգիստ զրուցում է, հանձնարարականներ է տալիս, նույնը ցանկացած մարդու հետ կանի: Կարծում եմ՝ իր երբեմնի կոլեգայի հետ կզրուցի, եթե պատշաճ կերպով ձեւակերպվի խնդրանքը, իսկ եթե պատշաճ ձեւով խնդրանքը չի ձեւակերպվում, այլ երանգներով է մատուցվում, բնականաբար, արժանանում է համարժեք մոտեցման:
-Դուք լինելով փորձառու քաղաքական գործիչ՝ կարո՞ղ եք ասել՝ Բաբայանի կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը ո՞վ էր կազմակերպել եւ ինչո՞ւ:
-Պատճառները եթե դու կարողանաս ասես, ուրեմն դու պետք է ծեծողների հոգեբանության մակարդակի լինես, բարեբախտաբար ես այդ մակարդակից շատ հեռու եմ: Ես կարող եմ միայն ասել, որ դա հարված էր ԼՂՀ-ի՝ որպես ժողովրդավարական երկրի իմիջին, ինչը շատ նրբին կերպով հաշվի էին առել ԼՂՀ Ազգային ժողովում ընդգրկված բոլոր խմբակցությունները, որոնք համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Դա չէր բխում ԼՂՀ-ի բուն շահերից, այն էլ այս իրավիճակում:
-Ի՞նչ տեղեկություններ ունեք Բաբայանի կուտակած պարտքերի մասին: Հայտնի է, որ նա տարիներ առաջ այստեղ մեծ պարտքեր կուտակեց ու հեռացավ երկրից:
-Այդ Դուք գիտեք, ես նրա ֆինանսական վիճակի մասին տեղեկություն չունեմ, իրենից հետաքրքրվեք:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՓԱՍՏԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵՑԻՆ ՍՏԻՊՎԱԾ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անհարմար իրավիճակում հայտնվեց՝ իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետից ցանկացավ պարզել, թե ինչպես է նա 2006 թվականի գարնանից մինչեւ 2007 թվականի գարունը գյուղատնտեսությունից 1 միլիոն 200 հազար դոլարի եկամուտ ստացել:

Նկատենք, որ այդ մասին նշված է Հովիկ Աբրահամյանի` 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում, որպես պատգամավորի թեկնածու ներկայացրած հայտարարագրում: Ու այդ հայտարարագիրը Աբրահամյանն է լրացրել եւ ստորագրել, որը 2007-ին մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Սակայն տարիներ անց Աբրահամյանն ամեն կերպ փորձում էր այդ փաստը հերքել: Մոտ մեկ տարի առաջ Փաշինյանը նրան նույն խնդրի վերաբերյալ հարց էր տվել, եւ նա հերքել էր, որ իր կողմից նման հայտարարագիր է ներկայացվել: Սակայն երեկ հարցը հնչեցնելիս պատգամավորի ձեռքին առկա էր այդ չարաբաստիկ հայտարարագրի պատճեն: Ուստի «չորով» հերքելը, մեղմ ասած, սիրուն չէր լինի:
Արդյունքում, Հովիկ Աբրահամյանը փորձեց ինչ-որ լուծում գտնել, բայց ավելի վատ վիճակում հայտնվեց՝ հայտարարելով. «2007 թվականին ընդունվեց օրենք եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարտադրվեց ներկայացնել հայտարարագիր: 2007 թվականին առաջին անգամ մարդիկ հայտարարագրեցին ոչ թե 2007 թվականի շահույթը, այլ ամբողջ կյանքի ընթացքում ձեռքբերած շահույթները»: Փաշինյանի արձագանքին, թե փաստաթղթում գրված է, որ այն վերաբերում է ներկայացմանը նախորդող վերջին մեկ տարվան, Աբրահամյանը պատասխանեց. «Չի կարող նման բան գրված լինի, եթե նման բան կա գրված, ուրեմն սխալ է: Առաջին անգամ մենք (բարձրաստիճան պաշտոնատար անձինք,- Վ.Հ.) այդ ժամանակ ենք հայտարարագրել: Ոչ մի անգամ օրենքը չի պարտադրել, որպեսզի մենք գրենք, թե այդ գումարները ինչպես են գոյացել: Դա մեկ տարվա շահույթը չէր կարող լինել: Ամենամեծ շահույթը մեկ տարվա համար եղել է 30-40 մլն դրամ»:
Այն, որ Աբրահամյանը մոռացել է իր իսկ կողմից լրացված փաստաթղթերի բովանդակությունը, ինչ-որ տեղ կարող է բնական լինել, դե, մարդ է, հո չի կարող հիշել, թե մոտ տասը տարի առաջ ինչ է գրել: Բայց իր այդ խոսքով նա Հայաստանի ողջ իրավական դաշտի պատմությունը խեղաթյուրեց: Բանն այն է, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձինք առաջին անգամ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացրել են 2002 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածում:
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման ներկա` «Հանրային ծառայության մասին» օրենքին, այն ընդունվել է 2011 թվականի մայիսին եւ ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից:

Վ. Հ.

 

 

 
ԻՐԵՆՔ Ի ՍԿԶԲԱՆԵ ԽՆԱՅՈՂ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո իրենց գերատեսչությունում ինչ խնայողություններ են իրականացրել ու ինչի հաշվին: «Մեզ մոտ եղել են մեքենաների կրճատումներ. 19-ից հիմա ունենք 11: Այսինքն՝ այդքան շատ չեն էլ եղել, բայց զգալի կրճատվել է: Առաջարկներ ձեւավորել ենք: Կառուցվածքային որոշակի փոփոխություններ կանենք ներսում, որը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ լինել, բայց մենք այս պրոցեսը սկսել էինք դեռեւս 3 ամիս առաջ, մենք առաջին քայլը արեցինք. միավորեցինք հանրապետության երկու` Ճարտարապետության եւ Թամանյանի թանգարանները, եւ այդ տեսակ խոշորացումներ վարչությունների ներսում եւս շարունակելու ենք»,- պատասխանեց Սարգսյանը:

 

 

ԴԱՍԱԼԻՔ  ԴԱՏԱԽԱԶԸ
Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նա 36 տարեկան է: Մելքոնյանի կենսագրությունում ոչինչ նշված չէ նրա պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու մասին: Ակնհայտ է, որ Հայոց բանակում ժամկետային զինվորական ծառայություն չի անցել: Եւ էական էլ չէ, թե պաշտոնական ինչ հիմնավորում կա դրա համար:
Իրավաբանի կրթությունը ստանալուց հետո՝ 2006-ից մինչեւ 2014 թվականը, Մելքոնյանն աշխատել է խորհրդարանում, ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչն է եղել, 2011-ից 2014 թվականներին Եվրոդատարանում եղել է ՀՀ կառավարության ազգային իրավաբանը: 2014-ից մինչեւ այս տարվա մարտի 9-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ: Իսկ այս տարվա մարտի 9-ից մինչեւ երեկ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը:

 

 

5 ՄԻԼԻՈՆԻ ԱՎԻԱՏՈՄՍ
«ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը միայն ապրիլի ընթացքում ավիատոմսերի համար պետբյուջեից ծախսել է 5 մլն 437 հազար դրամ: Դրանից 3 մլն 921 հազար դրամով գնվել է 2 բիզնես կարգի ավիատոմս: Այսպես՝ ՀՀ նախագահի աշխատակազմը ապրիլի 1-ին պայմանագիր է կնքել «ՎինդՌոուզ Թրավել-Պրո» ընկերության հետ եւ 2 մլն 177 հազար դրամով գնել է բիզնես կարգի մեկ ավիատոմս՝ Երեւան-Վիեննա, Վիեննա-Վաշինգտոն, Վաշինգտոն-Վիեննա եւ Վիեննա-Երեւան ուղղություններով: Իսկ, ահա, ապրիլի 22-ին ՀՀ նախագահի աշխատակազմը 1 մլն 744 հազար դրամով «ՍՍ Թրավել» ընկերությունից գնել է բիզնես կարգի մեկ ավիատոմս՝ Երեւան-Փարիզ, Փարիզ-Բարսելոնա, Բարսելոնա-Փարիզ, Փարիզ-Դուբլին, Դուբլին-Լոնդոն, Լոնդոն-Կիեւ, Կիեւ-Երեւան ուղղություններով:




Լրահոս