ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՍՔՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է
Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից է: Մարզը հարուստ բնություն ունի, պատմամշակութային գեղեցիկ կոթողներ, որոնք հրապուրում են զբոսաշրջիկներին: Սակայն միջպետական ճանապարհի եզրին կառուցված եւ ավերված հասարակական զուգարանները, թափված աղբակույտերը չեն նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզխորհրդի նիստերում բազմիցս  համայնքների ղեկավարներին, մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարականներ է տվել միջպետական ճանապարհի եզրին գտնվող աղբավայրերը վերացնելու մասին, սակայն այդ հանձնարարականներն այդպես էլ չեն կատարվում, աղբակույտերը չեն վերացվում: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի աղբավայրը գտնվում է միջպետական ճանապարհի եզրին՝ Լուսաձոր գյուղի տարածքում: Իջեւանի քաղաքապետարանն աղբավայրը բարեկարգելու, կուտակված աղբը հորելու համար աշխատանքներ է կատարել, սակայն միջպետական ճանապարհի եզրին աղբավայրի առկայությունն ինքնին արտառոց է: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ հատվածում՝ Ոսկեպար գյուղի բարձունքում՝ ճանապարհի եզրին, մեծ աղբակույտ է: Այդ տարածքում մշտապես կանգ են առնում, դեմ դիմաց գտնվող Ջողազի ջրամբարի, Գվարզին եւ Փայտասար լեռների գեղեցիկ պատկերները լուսանկարում արտասահմանցի զբոսաշրջիկները: Նրանք նաեւ լուսանկարում են աղբավայրը: Եվ հիմա ցուցանակ տեղադրելով` փաստորեն, աղբավայրն «օրինականացվել է»: Ընդ որում, զարմանալի է, որ ցուցանակը միայն ռուսերենով է:

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ՞
Դիլիջան քաղաքի կենտրոնում 4 տարի առաջ սկսվել եւ չի շարունակվում բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Ջեյմս Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար: Թուֆենկյանը 2008թ. նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը, սակայն 2009թ. սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրաձողերը դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են: Հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ «Թուֆենկյան» ընկերությունը Երեւանում ավարտել է շինարարական աշխատանքները եւ հաջորդ տարի կիրականացնի Դիլիջանում հյուրանոցի կառուցապատման աշխատանքները: Նշենք, որ մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք այդպես էլ չեն պահպանվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս