ՀԱՐՑ. Եթե անձը վերջույթների անդամահատման վիրահատություն է կատարել, ապա ինչո՞ւ նրան առաջին անգամ փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամության խումբ չի սահմանվում:
Գոհար Մարկոսյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից:
Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014 թվականի հունվարի տվյալներով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց թիվը 89 հազարից ավել է: Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է: