Երկարաձգվել է կուտակային համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր օրենքը, որով մասնավոր հատվածի աշխատողների համար համակարգին մասնակցությունը պարտադիր կլինի ոչ թե 2017, այլ 2018 թվականի հուլիսի 1-ից: Ինչպես այսօր տեղեկցրել են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից, նույն փոփոխությամբ մեկ տարով երկարաձգվել են նաև համակարգի մասնակիցների համար օրենքով նախատեսված որոշ արտոնություններ:

Մասնավորապես` 1996 թվականին եւ դրանից հետո ծնված անձանց սոցիալական վճարը կնվազեցվի նրանց եկամտային հարկից եւս մեկ տարի ավելի` մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը: Նախորդ օրենքով նշված անձինք այս արտոնությունից օգտվելու էին միչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը:

Նոր ընդունված օրենքը նաեւ մեկ տարով երկարաձգել է այն ժամկետը, երբ 1964 թվականին եւ դրանից հետո ծնված անձինք, կուտակային համակարգին կամավոր միանալու պարագայում, պետության կողմից կստանան 100 տոկոս համաֆինանսավորւմ իրենց կուտակային հատկացումներին:

Այսպիսով, պետությունը կկրկնապատկի 1964 թվականին եւ դրանից հետո ծնված անձանց կուտակային խնայողությունները` եթե նրանք մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանան կուտակային բաղադրիչին:

Ընդ որում` այս անձինք կենսաթոշակային տարիքում կենսաթոշակ կստանան միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական եւ կուտակային:




Լրահոս