Հունիսի 14-ին Ստեփանակերտում` Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար դեսպան Արա Պապյանը և քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը հանդիպեցին Արցախի հերոս՝ գեներալ Վիտալի Բալասանյանին:
Քաղաքագետները Ստեփանակերտ էին բերել ԱՄՆ Նյու Յորք – Նյու Ջերզի նահանգների հայ համայնքների կողմից՝ հատուկ գեներալ Բալասանյանի համար ոսկուց պատրաստված «Տիգրան Մեծ» կրծքանշանը:
Կրծքանշանը հանձնեց դեսպան Արա Պապյանը: «Տիգրան Մեծ» ոսկեձույլ պատվանշանը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստել են՝ ի ճանաչումն և արժեվորումն այն անգնահատելի ավանդի, որ Վիտալի Բալասանյանն ունեցել է ապրիլյան մարտերի օրերին՝ ըստ էության բեկում մտցնելով պատերազմի ընթացքի մեջ և անուղղակիորեն փրկելով Ստեփանակերտն ու ողջ Արցախը՝ թշնամու՝ Աղդամի ուղղությունից սպառնացող գրավումից: Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն իր խոսքում հատկապես ընդգծեց, որ սա, լինելով խորհրդանշական նվեր՝ վկայությունն է այն սիրո և հարգանքի, որ Արցախի հերոսը վայելում է հայրենիքում և սփյուռքում և որ պատվանշանի հանձնումը երախտագիտության արտահայտությունն է այն գործարարների և ԱՄՆ հայ համայնքի ազդեցիկ անդամների, որոնք ոչ միայն շարունակում են հետևել նրա գործունեությանը, այլև՝ Հայաստնում՝ ներառյալ Արցախում, մեծ ներդրումներ են կատարել:
Գեներալ Վիտալի Բալասանյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ զգացված է գնահատանքից, և որ Արցախի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի գործն է, իսկ իր ներդրումն այդ գործում համեստ է: