ԵԽԽՎ ՊԱՏՎԵՐՈՎ ՆՈՐ ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ:-Պարո՛ն Հարությունյան, մեր տեղեկություններով ներկայումս մշակում եք «Էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծ, որով փորձ է արվելու փակել գործարար պատգամավորների մուտքը խորհրդարան: Եթե սահմանադրական հայտնի արգելքը գործարար պատգամավորների վերաբերյալ մինչեւ հիմա չի գործել, ինչպե՞ս եք խնդիրը լուծելու հանձնաժողովի միջոցով: -Խնդիրը շատ ավելի գլոբալ է: Օրենսդրական նախագծերը, որ հիմա քննարկման եւ մշակման փուլում են, իրականում ծածկում են շատ ավելի մեծ դաշտ` սկսած բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրումից եւ դրա շարժը վերահսկելուց,  էթիկայի, վարքագծի պահպանումից, որոշումներ կայացնելիս շահերի բախումից եւ վերջացրած  սահմանադրական արգելքներով: Այս հարցերը պետք է ինչ-որ կերպ լուծել: Կառավարության ներկայացրած նախնական  տարբերակով, որն առաջին ընթերցմամբ ներկայացվել է ԱԺ քննարկմանը, նախատեսվում էր ստեղծել մեկ անկախ մարմին, որը կզբաղվեր  հարցերի զգալի մասով, սակայն քննարկումների արդյունքում ԱԺ հարցը հանեցինք որոշակի խառնաշփոթի պատճառով: Կարծես թե այս պահին հանգել ենք որոշակի կոմպրոմիսային մոտեցման, որի էությունն այն է, որ գույքի եւ եկամուտների հայտարարագրմամբ եւ դրա վերահսկողությամբ պետք   է զբաղվի  մեկ անկախ մարմին, իսկ մնացած հարցերով` հենց ԱԺ համապատասխան  հանձնաժողովը: -Այդ դեպքում ինչի՞ համար է հարկային տեսչությունը:- Եթե հարկային տեսանկյունից հայտարարագրումը  չի առաջացնում որեւէ հետեւանք, հասկանալի չէ, թե ինչո՞ւ հարկային մարմինը պետք է զբաղվի դրանով: Այն  պետք է ստանա  հաշվետվությունները, որոնք անհրաժեշտ են հարկումն ապահովելու համար: Իսկ եթե այս խնդրով չկա հարկում, ապա այդ մարմինը չպետք է ստանա նաեւ համապատասխան տեղեկատվություն: Սա անհրաժեշտ է քաղաքական թափանցիկության եւ  կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար:   -Իսկ էթիկայի հարցերը ենթադրո՞ւմ են որոշակի պահվածք: Այն է` չհայհոյեն,  չծեծեն: – Խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ նկարագրությունը կլինի բավարար մանրամասն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ճշգրիտ պատկերացնել` իր այս քայլն ընկնում է վարքագծի կանոնների տակ, թե ոչ: Սակայն  պատգամավորի  վարքագծի ընդհանուր  գնահատականը հնարավոր է տալ, եւ դա պետք է անեն  այն անձինք, որոնց նման իրավասություն կտրվի` էթիկայի հանձնաժողովի անդամները: -Իսկ սահմանադրական արգելքների հետ կապվա՞ծ:- Սա այն տիրույթն է, որտեղ   պետք է հստակեցնենք` ինչ ենք հասկանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ասելով եւ ինչպիսի քայլեր են պետք այն կանոնակարգելու համար:  Սահմանադրությունը շատ հստակ է ասում, լրիվ  չմեջբերեմ` «արգելվում է այլ վճարովի աշխատանքը`  բացի ստեղծագործական, մանկավարժական եւ գիտական գործունեությունից»: -Իսկ ինչպե՞ս եք լուծելու լիազորագրային կառավարման հարցը: Մարդիկ ունեն գույք, որը հանձնում են կառավարման: Հո գույքից չե՞ք զրկելու:- Խնդիրը ոչ միայն հանձելն է: Լավ են արել, որ հանձնել են, բայց արդյո՞ք  չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Որովհետեւ միայն ներկայացուցչական դեր ստանձնելն արդեն նշանակում է զբաղվել: Դուք կարող եք չլինել այդ ընկերության սեփականատերը, բաժնետերը, բայց կատարեք զուտ ներկայացուցչական դեր: Ըստ իս,  եթե որեւէ մեկը գործարանի մուտքի մոտ դիմավորում է հյուրերին եւ ասում  «համեցե՛ք ներս»` չլինելով սեփականատեր, արդեն շաղկապվում է ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչը եւս իմ կարծիքով   պետք է  դիտվի որպես Սահմանադրության խախտում: Սակայն տեսակետները տարբերվում են:  Ինչ վերաբերում է շահերի բախմանը, ասեմ, որ հաճախ որոշումներ կայացնելիս ունենք որոշակի շահեր, որոնք պետք է բացահայտված լինեն:  ԱԺ-ի պատգամավորի պարագայում այդ շահերը միշտ էլ կան, որովհետեւ երբ դուք քվեարկում եք երկրում հարկերի բարձրացման օգտին կամ դեմ, դա  ինչ-որ ձեւով ձեզ առնչվում է: Իսկ արդյո՞ք նշանակում է, որ առկա է շահերի բախում: Իմ կարծիքով այստեղ խնդիրն ուրվագծելն է, թե որ շահերի բախման մասին պետք է հայտնել հանրությանն ու գործընկերներին: Եթե Դուք պատգամավոր եք, Անո՛ւշ, եւ ձեր քույրը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, եւ Դուք ելույթ եք ունենում ամբիոնից  կամ առաջարկ եք ներկայացնում, որն անմիջականորեն նվազեցնելու է Ձեր քրոջ պարտավորությունները, ճիշտ կլինի, որ Ձեր գործընկերները  այդ տեղեկությունը նախապես ունենան, ինչը հնարավորություն կընձեռի մեզ ավելի սթափ գնահատել ելույթը: Եվ այդ տեղեկատվության բացահայտումն էլ հենց կոչվում է շահերի բախման մասին հայտարարություն: Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր պատժամիջոցներ սահմանել, սակայն ինքնին քաղաքական պատժամիջոցները ոչ պակաս են: Այսինքն`  հանձնաժողովի կողմից գնահատականը, որ այսինչ անձը խախտել է շահերի բախման մասին  հայտարարությունը, արդեն շատ լուրջ է:  Բայց կան ավելի լուրջ միջոցներ` ընդհուպ մինչեւ մանդատի ուժը կորցրած ճանաչելը: Սա, ես կարծում եմ, պետք է գործի ընտրություններից հետո նաեւ այն պատճառով, որ խաղի կանոնները ընթացքում չենք փոխում:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս