Հիմա կասեն` իր երեխային տանում-խցկում է ֆիլմ, բայց նման բան չկա. Արաքսյա Մելիքյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին շրջանում տարվում են վերանորոգման աշխատանքներ, սունդուկյանցիները ստիպված են ամիսը մի քանի անգամ ներկայացումներով հանդես գալ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ընդ որում, նրանք ոչ բոլոր ներկայացումներն է, որ կարողանում են խաղալ, փոխարենը ընտրում են այնպիսիք, որոնք հարմարեցվում են այդ թատրոնի բեմին: Մայր թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վերանորոգման աշխատանքների արդյունքում կառույցը կհագեցվի նոր տեխնիկայով. «Ասում են` մինչեւ սեպտեմբեր պետք է ավարտեն աշխատանքները, տեսնենք… Կարոտել ենք մեր բեմը… սպասում ենք մեր նորոգված տանը»,- ասաց նա:

13432356_1076137149134017_8121750038122699445_n

Ի դեպ, Արաքսյան ներկայումս նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում եւ հանդես է գալիս բավական հետաքրքիր կերպարում. «Տաղանդավոր, բայց հարբեցող նկարչի կին եմ խաղում, որը փորձում է համերաշխություն հաստատել ընտանիքում: Չգիտեմ` սցենարիստն ուր է տանում մեզ, բայց խոստովանեմ, որ այս սերիալում ինձ առաջինը գրավեց այն հանգամանքը, որ իմ խաղընկերը լինելու է Հայկ Սարգսյանը: Ես վստահ էի, որ մեր համագործակցությունը կկայանա, եւ այդպես էլ եղավ»,-անկեղծացավ դերասանուհին:

big_1422879129_1271221_ts1422879297

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` այս շրջանում Արաքսյան ինչ նոր հրավերներ է հասցրել ստանալ: Նա տեղեկացրեց, որ ամուսնու` դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ, պատրաստվում է մի քանի օրից նկարահանվել «Հատուկ բաժին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի երկրորդ սեզոնում, որը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ:

13419215_1076137152467350_2023571841378084272_n

Ի դեպ, Արաքսյայի մասնակցությամբ «Աբելի քույրը» հեռուստասերիալում նկարահանվում է նաեւ նրա որդին` 8-ամյա Գուրգենը, ով արդեն գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկ է ստացել. «Որդիս քասթինգի առաջին փուլն անցել է, եւ եթե տարիքը խոչընդոտ չհանդիսանա, ապա կհաղթահարի նաեւ հաջորդ փուլը: Հիմա կասեն` իր երեխային տանում, խցկում է ֆիլմ, բայց նման բան չկա. մաման, պապան այս ամենի հետ ընդհանրապես կապ չունեն: Պարզապես ռեժիսոր Ելենա Արշակյանը «սիրահարվել է» որդուս եւ նրա հետ որոշ հեռահար ծրագրեր է կազմում»,- եզրափակեց դերասանուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս