Թեեւ ՀՀ երեք մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկումից հետո որեւէ դրական զարգացում չկա, կառավարությունը ցանկանում է շարունակել այդ ծրագիրը՝ ձեւավորելով 15 նոր խոշորացված համայնքային փնջեր, որոնցում կմիավորվեն 118 համայնքներ: Այս ծրագրին կտրուկ դեմ են արտահայտվում բազմաթիվ համայնքների ղեկավարներ, ինչը, սակայն, հաշվի չի առնվում իշխանության կողմից:
Թե ինչու, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանից, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյան
-Պարո՛ն Տերտերյան, մի շարք համայնքների ղեկավարներ արդեն հասցրել են իրենց դժգոհությունները հայտնել համայնքների խոշորացման հետ կապված: Ինչո՞ւ ականջալուր չեք լինում այդ դժգոհություններին:
-Ով ասեց, որ դեմ են, շատերն էլ կողմ են: Ազգային ժողովը կասի, թե ինչ անենք, բայց իմ տեսակետն այն է, որ խոշորացումը ճիշտ է:
-Սակայն արդեն իսկ կա ծրագրի պիլոտային կիրառման բացասական փորձը, ինչո՞ւ դա հաշվի չի առնվում:
-Ով ասեց, որ առաջինից դժգոհ են եղել, դա Ձեր կարծիքն է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան
-Պարո՛ն Մելիքյան, արդյո՞ք ճիշտ որոշում է համայնքների խոշորացումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ համայնքների ղեկավարները մեծ դժգոհություններ են հայտնել:
-Ես կարծում եմ, որ համայնքներում համայնքի ղեկավարների կողմից բարձրացված դժգոհությունները հիմնականում անձնական բնույթ են կրում, եւ չեմ կարծում, որ դա պետք է տարածել ընդհանուր գաղափարի վրա: Համայնքների խոշորացումը լուծում է բազմաթիվ խնդիրներ` սկսած ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսից, որն ամենակարեւորն է, եւ համայնքի բնակչության արդյունավետ սպասակումից: Կարծում եմ, որ սա կնպաստի նաեւ տարբեր ծրագրերի իրականացմանը, օրինակ՝ ոռոգման ջրի մատակարարման կամ ճանապարհաշինության, ընդհանրապես համայնքի բնակչությանը հուզող ցանկացած տիպի հարցերի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթաշրջանառությանը, փաստաթղթերի տրամադրմանը, դրանք ընդամենը հորինված արտահայտություններ են, որ բազմիցս բարձրացվում են, բայց չեմ կարծում, որ դրանք իրենց տակ ընդհանրապես որեւէ հիմք ունեն:
-Բայց արդեն իսկ համայնքների խոշորացման փորձ արվել է, մասնավորապես Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, սակայն էական որեւէ փոփոխություն նկատելի չէ: Որքանո՞վ է ճիշտ մեկ անհաջող փորձից հետո երկրորդն անելը:
-Ես չգիտեմ՝ փորձ եղել է, չի եղել, ինչ արդյունքներ են տվել, ինչ արդյունքներ չեն տվել, բայց մենք պետք է միջազգային փորձից օգտվենք, որ գոյություն ունի հատկապես Եվրոպայում, եւ կարծում եմ, որ խոշոր համայնքները շատ արդյունավետ են իրականացնում թե՛ կառավարումը, թե՛ բնակչության սպասարկումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, Ձեր կարծիքով համայքների խոշորացման որոշումը որքանո՞վ է արդարացի:
-Ճիշտ եմ համարում: Մենք 96 թվականից, երբ որ տեղական ինքնակառավարման մասին օրենքն ընդունեցինք, ունեցանք 915 համայնքներ, եւ նմանատիպ խնդիր կար Սովետական Միության բոլոր փոքր հանրապետություններում, որտեղ եւս բոլորը գնացին այդ քայլին, կամաց-կամաց խոշորացրին: Մեր նման երկրի համար թույլ տալ նման շռայլություն եւ համայնքներին էլ չտալով նորմալ դոտացիա, որ իր հոգսերը հոգա, անիմաստ է: Եթե մարդը այնտեղ չի բնակվում, եթե պետության ձեռքը չի հասնում տվյալ համայնքում խնդիր լուծելու, նշանակում է, որ այդ համայնքը ուղղակի ձեւ է եւ ոչ թե բովանդակություն: Այն պիլոտային ծրագրերը, որոնք եղել են, մանրամասն ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ այնտեղ լուրջ ներդրումներ են եղել համայնքների հետ կապված: Հիմա ակնկալվում են նմանատիպ ներդրումներ նաեւ այս խոշորացման արդյունքում նոր համայնքերում, եւ բնական է՝ նաեւ այստեղ հնարավորություն կունենանք, որ պետությունը այդ դոտացիայի գումարը կոնկրետ համայքին տա, եւ համայնքը կարողանա մեծ խնդիր լուծել: Մենք նաեւ խոսում ենք մյուս` համայնքի սոցիալական խնդրի մասին: Եթե համայնքներում կան երեք-չորս աշխատող, այդ երեք, չորս աշխատող կրճատելը նշանակում է երեք, չորս ընտանիքի զրկել իր օրվա կենսաապահովման խնդիրը լուծելու միջոցից: Դրա համար այժմ կառավարությունը հավաստիացնում է, որ այդ խնդիրը չի լինի. չի լինի համայնքապետ. կա՛մ կլինի ներկայացուցիչ, կա՛մ կլինի համայնքում աշխատող անասնաբույժ, մեխանիզատոր, ջրային համակարգը սպասարկող եւ այլն: Մենք այս խոշորացման մեջ պետք է տեսնենք զարգացման, համայնքների խնդիրների լուծման միտում:
-Եթե իսկապես այս որոշումը կնպաստի համայնքներում առկա խնդիրների լուծմանը, ինչո՞ւ են համայնքների ղեկավարները դժգոհություններ հայտնում:
-Եկեք անկեղծ լինենք, դժգոհությունը լինելու էր: Այն լինելու էր երկու ասպեկտով. համայնքի ղեկավարը ինքը այդ համայնքի տեր ու տիրակալն է, որոշակի հնարավորություն, միջոցներ ունի, կարող է հարազատներին, բարեկամներին օգտակար լինել, ամեն ինչը լրիվ հասկանալի է: Չի կարող լինել միավորում, որ չլինի դժգոհություն: Բայց դա կարող է լինել ե՛ւ սուբյեկտիվ, ե՛ւ օբյեկտիվ: Ավելի լավ է՝ մենք այս շռայլությունը մեզ թույլ չտանք եւ լուծենք կոնկրետ խնդիրներ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ