Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր ընտրական օրենսգիրքը հնարավորինս լայն աջակցություն ունենա: Բայց դա հեշտ գործ չէ, ու ներկայումս այդ ուղղությամբ դրական հույսեր չկան: Հասարակությունը բավական անտարբեր է, իսկ ընդդիմությունն էլ չկարողացավ անցկացնել ամենաառանցքային հարցերը, որոնք կապված էին ընտրացուցակների հրապարակման, մեծամասնական ընտրական բանաձեւի մոտիվներով համամասնական համակարգի ներդրման եւ այլ վիճահարույց դրույթների հետ:
Բացի այս ընթացակարգային կամ տեխնիկական երեւույթը՝ գոյություն ունի մեկ այլ հանգամանք, որն ավելի կարեւոր է ընտրական համակարգի շուրջ կոնսենսուսի համար: Դա վստահությունն է, որն արդեն վաղուց չկա, քաղաքացին չի հավատում, որ այդ համակարգի միջոցով ինքը հնարավորություն ունի ձեւավորելու իր ուզած իշխանությունը: Ավելին՝ երբեմն դա հանրային ընկալումներում պատկերվում է իբրեւ փող բաժանելու գործընթաց, այսինքն՝ պարզ քաղաքական առեւտուր, ընդ որում, կանխիկ գումարով: Բնական է, որ քաղաքական ընտրությունների համակարգի նկատմամբ տեխնիկական ու գաղափարական ընկալման նման հարաբերակցության պայմաններում, կոնսենսուսը պատրանք է: Լավագույն դեպքում կարելի է դրա նկատմամբ էքսպերտային գնահատական ունենալ, որով էլ փորձել լրացնել առկա հանրային անվստահությունը:
Քանի որ իշխանությունը չի կարողանում ներքին լսարանի մոտ վստահություն ապահովել, ապա մնում է միջազգային հանրությունն իր փորձագիտական եզրակացություններով: ԸՕ հեղինակներին պետք է ինչ-որ այլընտրանքային լեգիտիմություն ապահովել, եւ դա հենց եվրոպացիների դրական կարծիքն է: Միջազգային կառույցների դրական գնահատականով էլ իշխանությունը կունենա այն լծակը, որով կկարողանա հակափաստարկել ընդդիմության ու հասարակության քննադատությունները եւ հանրային որոշակի շերտի աջակցությունը կորզելու հույսեր ունենալ: Սա բնական գործընթաց է, քանզի յուրաքանչյուր իշխանություն համակարգի կենսագործունեության ապահովման համար կարիք ունի իր ծրագրերի կամ գործողությունների նկատմամբ հանրային որոշակի կողմնորոշում ապահովել: Ահա թե ինչու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննսես Սահակյանը վստահություն է հայտնել, «որ առաջիկայում խնդրահարույց հարցերի շուրջ կունենանք կոնսենսուս: Այստեղ խնդիրը միայն իշխանությունն ու ընդդիմությունը չեն, այլ նաեւ քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրությունը…»:
Միեւնույն ժամանակ, սակայն, նշենք, որ որքան էլ միջազգային հանրության կարծիքը, փորձագիտական եզրակացությունը կարեւոր են, որքան էլ դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ օրենսգրքով սահմանված կարգավորումների ու դրանց ինստիտուցիոնալ բազայի ապահովման համար, որքան էլ ինչ-ինչ կողմնորոշումների կամ լեգիտիմացման հարցեր լուծեն, միեւնույն է, այդ ամենն ավելին չէ, քան քննադատությունների ու անվստահության հակակշիռների ստեղծումը: Այդ դեպքում դրանց վրա հենվելն արդեն իսկ վտանգավոր է, որովհետեւ վնասվում է մեր քաղաքական համակարգի իրավական, գաղափարական եւ մշակութային ենթահամակարգերի նորմալ կենսագործունեությունը, այլասերվում ամբողջ համակարգը: Մեր խնդիրը ոչ թե լեգիտիմության այլընտրանքային աղբյուր գտնելն է, այլ հանրային վստահություն վաստակելը, այլապես ստեղծված վակուումը մշտապես լցվելու է կոռուպցիոն, մոնոպոլիստական ու քրեական բարքերով:
Ի վերջո, որեւէ արտաքին գնահատական չի կարող փոխլրացնել ներքին համոզմունքներին, վստահության դեֆիցիտին: Նման պայմաններում էլ ավելի է կտրվում իշխանություն-հասարակություն կապը, պետությունն անհաղորդ է մնում քաղաքացիների պահանջմունքներին, ինչն էլ թույլ չի տալիս գրագետ ու հանրային պահանջմունքներից բխող որոշումներ կայացնել: Որքան էլ Հովհաննես Սահակյանն ու իր թիմակիցները փորձեն համաշխարհային կոնսենսուս ապահովել ընտրական օրենսգրքի շուրջ, միեւնույն է, այն չի կայանալու, եթե դրա նկատմամբ չկա հավատ ու վստահություն այն մարդկանց մոտ, ովքեր անմիջականորեն են կրելու տվյալ օրենսգրքի սահմանած խաղի կանոնների բեռը:
Անի Ստեփանյան