Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրվի: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է նշանակվում տվյալ անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը:
Երանուհի Բադալյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Բադալյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) եւ լիազոր մարմնի համար՝ հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
Միաժամանակ հայտնում ենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ (կամ) լիազոր մարմնի կողմից՝ անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ եւ ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

 




Լրահոս