ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 7.4 տոկոսով նվազել են: Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլին իրականացվել է 19 մլրդ 736 մլն 500 դրամի շինարարություն, իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 61 մլրդ 884 մլն 600 հազար դրամի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալը 41.5 տոկոսով է նվազել. այն կազմել է 2 մլրդ 109 մլն 500 հազար դրամ: Համայնքների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները 27.4 տոկոսով են նվազել եւ կազմել 166 մլն 600 հազար դրամ: Իսկ, ահա, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 7 տոկոսով են աճել եւ կազմել 827 մլն 100 հազար դրամ: Ասիական Զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 2.9 անգամ աճել են, եւ իրականացվել է 405 մլն 600 հազար դրամի շինարարություն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ծավալները այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 անգամ են աճել՝ կազմելով 146 մլն 800 հազար դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված շինարարությունը հունվար-ապրիլին կազմել է 160 մլն 300 հազար դրամ: Սրան զուգահեռ նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլին ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 23.7 տոկոսով նվազել են: Գաջի արտադրության ծավալները եւս նվազել են՝ 62.2 տոկոսով, իսկ տուֆի արտադրության ծավալները ՝ 37.7 տոկոսով:
Ս.Հ.