«ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՐԿ» ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական աշխարհում թեւածող սոցիալական բունտի ուրվականը խուճապի է մատնել Հայաստանի իշխանություններին:Ճիշտ է, կառավարության եւ իշխող կոալիցիայի բարձրաստիճան պաշտոնյաները ջանք չեն խնայում համոզելու համար հասարակությանը, որ միեւնույն է, հեղափոխությունները չեն հասնի Հայաստան, սակայն նրանց վերջին հայտարարությունները վկայում են, որ կառավարությունը փորձում է մանեւրելով հնարավորինս թուլացնել հասարակությունում տիրող սոցիալական լարվածությունն  ու ատելությունը:Մի կողմից  հասարակ ժողովրդի օրըստօրե աղքատացումը եւ որեւէ հեռանկարի բացակայությունը, մյուս կողմից հարուստների եւ մասնավորապես մենաշնորհատերերի  երկրաչափական պրոգրեսիայով հարստացումը ի հաշիվ հասարակ մարդկանց, հասարակության մեջ ստեղծել են պայթյունավտանգ վիճակ, որը կարող է ցանկացած պահի պայթել: Հայտնի է, որ գործող իշխանությունները  երբեւէ չեն ունեցել երկրի զարգացման հստակ պատկերացում, քաղաքական եւ տնտեսական համակարգերի առաջընթացի ուրվագիծ եւ միայն առաջնորդվել են այսրոպեական շարժառիթներով, որոնցից հիմնականը եղել է իշխանությունը ամեն գնով պահելու նկատառումը եւ ժողովրդին թալանելով հնարավորինս շատ եկամուտներ ապահովելը: Եվ այժմ իշխանական կուլիսներում սկսել են կեսբերան խոսել «հարստության հարկ» կիրառելու անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով այդ հարկի ներմուծումը կթուլացնի սոցիալական  լարվածությունն ու հարուստների եւ  ժողովրդի  միջեւ սոցիալական աննախադեպ  բեւեռացումը: Հիշեցնենք, որ 5 տարի առաջ կառավարությունը (նույն կազմը չէր, ինչ այսօր, սակայն ներկայիս վարչապետը  այն ժամանակ ԿԲ նախագահն էր, գործող նախագահը` պաշտպանության նախարարը, իսկ այնուհետեւ  վարչապետը, եւ երբեւէ չեն քննադատել Ռոբերտ Քոչարյանի կառավարությանը, հակառակը, մշտապես հայտարարել են, որ իրավահաջորդն են նախորդի) մեծ շուքով  ներկայացրեց  աղքատության հաղթահարման  ռազմավարական ծրագիրը, որը պետք է նվազեցներ աղքատների թիվը հասարակության մեջ: Միջազգային ֆինանսական կառույցներից ստացան ահռելի վարկեր, կազմակերպեցին բազում սեմինարներ Ծաղկաձորում եւ Դիլիջանում, տպագրեցին հաստափոր տեսական զեկույցներ եւ բարեհաջող  մոռացան աղքատության հաղթահարման անհրաժեշտության մասին: Ո՞վ է այսօր հիշում այդ ծրագիրը: Այն ժամանակ կոալիցիայի ցանկացած ներկայացուցիչ հրապարակային ելույթում իր պարտքն էր համարում խոսել ծրագրի արժանիքների մասին: Հիմա էլ, տեսնելով ժողովրդի ահագնացող սոցիալական վիճակը, մասնավորապես ապրանքների գների շեշտակի  բարձրացումը, իշխանությունները որոշել են հերթական  փուչիկը նետել հասարակությանը, թե իբր տեսե՛ք, մենք նույնպես մտահոգված ենք առկա սոցիալական բեւեռացումից եւ կկիրառենք «հարուստների հարկ»: Փաստացի ստացվում է, որ  իշխանությունները, չկարողանալով հարստացնել աղքատներին, որոշել են  հարուստներին աղքատացնել:Այսինքն` մենաշնորհների դեմ պայքարելու, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելու, փոքր եւ միջին բիզնեսի հարկային  բեռը թոթափելու փոխարեն մտմտում են հարուստներից հարկ գանձել:Այս հարկատեսակի կիրառումը առկա է զարգացած երկրներում, որտեղ  իշխանությունը եւ օլիգարխիան մեկ ընդհանուր միավոր չեն, որտեղ իրավապահ մարմինների ղեկավարները բիզնեսմեն չեն եւ պայքարում են կոռուպցիայի դեմ: Եվ այս դեպքում էլ,  ամենայն  հավանականությամբ, կկիրառվի  աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի  հետ կապված «հաջող» փորձը: Կընդունվի կիսատ-պռատ մի օրենք, որի գործածումը ընդամենը խնդիրներ կառաջացնի փոքրաթիվ միջին խավի համար: Այն մարդիկ, որոնք կվաճառեն իրենց բնակարանը եւ մի քանի հազար դոլար ավելիով կցանկանան գնել նորը, ստիպված կլինեն վճարել «հարուստների հարկ»: Նույնը, թերեւս, կլինի նաեւ շարժական գույքի դեպքում: Համենայնդեպս, աշխարհում կատարվող սոցիալական փոփոխությունների տրամաբանությունը հուշում է, որ  նմանատիպ   շուստրիություններով  այլեւս դժվար է լինելու խաբել հանրությանն ու  կանխել սոցիալական բունտը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս