ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ՉԱՓԱԼԱԽ» Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի գործունեության, ինչպես նաեւ Նախիջեւանի կողմից հայկական դիրքերը հետ բերելու մասին տեղեկությունների շուրջ «Ժողովուրդ»-ը երեկ մի քանի հարցեր է ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

-Պարո՛ն Շարմազանով, թեեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն, ինչ խոսք, բեկումնային քայլ էր, այդուհանդերձ, հնչեցին նաեւ տեսակետներ, որ Գերմանիան այդ բանաձեւը չընդունեց անցած տարի՝ 100-ամյակի շրջանակներում, այլ արեց հիմա, քանի որ այդպես էր պահանջում իր ներքին շահը՝ Թուրքիայի հետ փախստականների հարցով բանակցությունների հետ կապված: Բացի այս՝ Չեխիայի նախագահը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:
-Նրանց սեփական շահը այն է, որ նրանք ժողովրդավարական երկիր են եւ այդ արժեքները պետք է պաշտպանեն: Ե՛ւ Չեխիան, ե՛ւ Գերմանիան եվրամիության անդամ երկրներ են. եվրամիության արժեքային հիմքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, եւ մարդու ամենամեծ իրավունքը կյանքի իրավունքն է, իսկ ցեղասպանությունը այդ կյանքի իրավունքից զրկում է մի ողջ ազգի: Երեկվա պարոն Զեմանի հայտարարությունը ֆանտաստիկ, շատ կարեւորագույն, անկյունաքարային հայտարարություն էր: Եվրամիության եւս մեկ անդամ երկրի առաջնորդ արձանագրեց, որ Էրդողանը, Ալիեւը եւ բոլոր նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, վախկոտ են: Ես չեմ կարող ասել, թե Չեխիան որեւէ շահ ունի: Մենք որ հույների ցեղասպանությունը ճանաչեցինք, հիմա ասեի՞ն՝ մենք էլ շահ ունեի՞նք: Կամ որ նախագահը ՄԱԿ-ում Մերձավոր արեւելքի եզդիների ջարդերի մասին խոսում էր, շահը ո՞րն էր: Գերմանիայի նման երկիրը ճանաչել է: Շատ կարեւոր է, որ Թուրքիայի դաշնակից երկիրը Թուրքիային չափալախ է տվել, որ մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Մենք դնում, փոքրացնում ենք, ընկնում ենք երկու հատ անգրագետ մարդու հետեւից ու ասում ենք՝ Գերմանիան իր շահերից ելնելով այդ բանն արեց: Ո՛չ, Գերմանիան նախեւառաջ դա արեց, որովհետեւ հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանությանը: Չեմ բացառում, որ այդտեղ կլինի իր շահն էլ, բայց նախեւառաջ ինքը դրանով է առաջնորդվում: Սա ասում եմ որպես մարդ, ով վերջին 1 տարվա ընթացքում մի քանի անգամ եղել է Գերմանիայում, Բունդեսթագում հանդիպել է ղեկավարների հետ, մինչեւ այդ Ժնեւում հանդիպել է Բունդեսթագի ղեկավար պարոն Լամերտի հետ, տարբեր քաղաքական շրջանակների, դեսպանների հետ ենք խոսել, այսինքն՝ միջից գիտեմ այս խնդիրը, լսելով չգիտեմ: Բա այդ մարդիկ ինձնից չեն վիրավորվի, ասեն՝ մեզ մոտ շա՞հ ես տեսել: Մարդիկ իրենց սխալներն էլ են տեսնում, ի՞նչ շահ, Գերմանիան բառացի ասում է, որ իր մեղսակցությունն այնտեղ կա եւ փոքրացնելով Բունդեսթագի որոշման եւ Զեմանի հայտարարության նշանակությունը՝ մենք ջուր ենք լցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի ջրաղացին, խնդրում եմ՝ դիլետանտական գնահատականներ ամեն մեկը թող չտա:
-Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մեր կորցրած 800 հեկտար հողից բացի՝ խոսակցություններ կան, որ Նախիջեւանի կողմից եւս, մինչեւ Երասխ գետը, բավականաչափ հողեր ենք զիջել: Տեղյա՞կ եք այդ մասին, եւ ո՞րն է պատճառը:
-Նման բան չկա: Նախիջեւանում որեւէ ռազմական գործողություն չի եղել: Նախիջեւանի կողմում ամեն ինչ նորմալ է, ինչու պետք է հողեր զիջենք:
-Պարո՛ն Շարմազանով, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելով՝ խոստացաք համատեղ ուժերով մի շարք խնդիրների լուծումներ տալ: Օրինակ՝ խոստացաք «շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը»: Այս մասով ի՞նչ եք արել՝ հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքական հայացքների համար բանտերում հայտնված անձինք՝ Շանթ Հարությունյանն ու ընկերները, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, մինչեւ այժմ անազատության մեջ են գտնվում:
-Ես չեմ ուզում կոնկրետ ինչ-որ բաների մասին խոսել: Բնականաբար, սահմանադրական բարեփոխումների շատ կարեւորագույն դրույթներից մեկն էլ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման խնդիրն է: Դա անընդհատ պրոցես է, այնպես չէ՝ այսօր արեցիր դա, վաղը պետք է կանգնես: Դու պետք է կարողանաս արձագանքել այդ պրոցեսներին, եւ այդ իմաստով այստեղ երկու բան կա. օրենսդրական բազան կատարյալ չէ, եւ պետք է օրենսդրական բազան փոխես, խնդիր չկա, մենք ունենք օրենսդրական նախաձեռնություններ, պետք է համապատասխանեցնենք մինչեւ 18 թվականը: Այսինքն՝ մինչեւ ամբողջական պարլամենտական համակարգին անցնելը մեր օրենսդրական բազան նոր Սահմանադրության չափանիշներին համապատասխանեցնենք, եւ դրանից հետո, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ խոստացել էիք գործազրկության ու աղքատության նվազումն ապահովել, մինչդեռ գործազրկության մակարդակը մոտ մեկ տոկոսով աճել է՝ պաշտոնապես հասնելով 18,5 տոկոսի, իսկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 16 հազար 588 ՀՀ քաղաքացի:
-Դրա մասին կառավարության ներկայացուցիչները խոսել են, եւ ես ավելի լավ չեմ պատասխանի, քան կառավարության մեր գործընկերները:

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՆ

Երեկ Ազգային ժողովն ավարտեց ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը` ամփոփելով նաեւ 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը:

Նշենք, որ հունիսի 13-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ քվեարկվելու է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Բայց մինչեւ այդ պատգամավորներն արդեն իսկ հասցրել են իրենց քվեարկության պատկերը ներկայացնել:
Այսպես` ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին «Թեեւ մեկ տարի առաջ իշխանությունն ասում էր, որ պետական պարտքի հետ կապված որեւէ վտանգներ չկան, միեւնույն է՝ 2017թ. ՀՀ-ն կհատի 50 տոկոսանոց սահմանը: Բյուջեի կատարողականի ներկայացված հաշվետվությունը պարզ ցույց է տալիս, որ այս իշխանությունների միակ ծրագիրն անծրագիր պարտքերի փոխառությունն է»,- ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունն էլ ձեռնպահ է քվեարկելու, ինչի մասին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, իսկ ՀՀԿ-ն, բնականաբար, կողմ է քվեարկելու. այդ մասին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ բյուջեի կատարողականից գոհ չէ, քանի որ չի տեսնում բյուջե, որը նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, այդ իսկ պատճառով ՕԵԿ-ը դեմ կքվեարկի:
Ինչ վերաբերում է իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ին, ապա խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու: «Մենաշնորհների դեմ պայքարն է կարեւոր, հատկապես, որ կա միջազգային լավ փորձ, որը մենք կարող ենք օգտագործել: 2015 թվականին ներկայացված այս բյուջեին մենք դեմ ենք քվեարկել, եւ բնական է՝ հիմա կողմ քվեարկել չենք կարող: Դաշնակցությունը ձեռնպահ է լինելու»,- պարզաբանեց նա:
Նշենք, որ խմբակցություններից միայն «Ժառանգությունը» ելույթ չունեցավ եւ չհայտնեց իր դիրքորոշումը:
Թե, ի վերջո, քվեարկության ինչպիսի պատկեր կարձանագրվի, այդուհանդերձ, պարզ կդառնա Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԳՈՐԾԸ  ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի առաջին տան վրա ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Դիմակավորված երեք անձ ներխուժել էին նշված հասցեի տուն, դաժան ծեծի ենթարկել ամուսիններ, ազգությամբ եզդի Շիրին Ալիյանին եւ Թառլան Սայդոյանին եւ գումար պահանջել: Ավազակային հարձակում իրականացնողները ոսկյա զարդերը եւ տանը պահվող գումարները վերցնելով՝ փախուստի էին դիմել: Արդեն տեւական ժամանակ է, ինչ տուժածների հարազատները լրատվամիջոցների հետ զրույցներում պնդում են, որ տարեց ամուսինների տան վրա հարձակված եւ գողություն կատարած անձանցից մեկին ճանաչել են. նա Տահար Ավդալյանն է, որը Աջափնյակի դատախազ Վիկտոր Գրիգորյանի սանիկն է: «Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրահանգով ավազակային հարձակման այս գործը ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի վարչությունից տեղափոխվել է հատկապես կարեւոր գործերի վարչություն:

 

 

ՈՏՔԵՐԸ ՄԵԽԵԼ Է ՀԱՏԱԿԻՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում եւս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանը եւ Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է իր որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել: Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար: Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ-ի «զոն նայող» Դավիթ Անանյանը, որը առավել հայտնի է Կիրովականցի Դավո անվանմամբ:

 

 

ԳՈՒՄԱՐ ՏՎԵՑԻՆ
ՀՀ կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստում որոշվեց Արմավիրի մարզպետարանին հատկացնել 51 մլն դրամ՝ մայիսի 23-ին նշված մարզում արձանագրված ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքները վերացնելու եւ մարզում մի շարք խնդիրներ լուծելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արմավիրի մարզի Բերքաշատ, Շենավան, Նալբանդյան Ջանֆիդա գյուղերում նույնպես կարկուտ էր տեղացել, ինչի արդյունքում գյուղացիները խոշոր չափի վնասներ էին կրել: Սակայն նշված գյուղերը դեռեւս կառավարությունից դրամական օժանդակություն չեն ստացել: Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք երեկ են միայն մարզպետարանին փոխանցել հաշվարկված վնասի չափը:




Լրահոս