«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Լոռու մարզի տնտեսության ավելի քան 70 տոկոսը ապահովում է արդյունաբերությունը: Եւ չնայած Լոռիում գրանցված արդյունաբերության աճին, միջազգային շուկայում մետաղի գների նվազման հետեւանքով անցած տարեվերջից մարզի արդյունաբերության հիմնարկներում աշխատավարձերի եւ աշխատողների կրճատումներ են ընթանում: Նման խնդիր է առաջացել նաեւ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ում. այստեղ առայժմ կրճատվել են աշխատողների աշխատավարձերը:

Նշենք, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ն հանքարդյունաբերական ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերությունը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Տեղեկացնենք, որ ընկերությունը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով ունի 1,306 աշխատող, այդ թվում՝ 143 աշխատող՝ Թեղուտից, 250 աշխատող՝ Շնողից, 438 աշխատող՝ Ալավերդուց եւ 475 աշխատող՝ այլ գյուղերից: Ինչպես հայտնի է՝ նշված գյուղերի բնակիչները իրենց ընտանիքներին կերակրում են բացառապես հանքավայրում աշխատելով, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն: Սակայն անցած տարեվերջին միջազգային շուկայում մետաղների գների անկմամբ պայմանավորված Լոռու մարզի արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարողները անցել են որոշակի խնայողությունների եւ տնտեսումների:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի աշխատակիցների աշխատավարձերը նույնպես կրճատվել են: Այդ քայլը հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ընկերության տնօրինությունը պատճառաբանել է պղնձի միջազգային գների անկմամբ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Թեղուտ» ՓԲԸ եւ հետաքրքրվեց, թե ինչն է իրականում աշխատավարձերի կրճատման պատճառը: Ընկերության մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը մեր հարցերին գրավոր պատասխանեց՝ հաստատելով աշխատավարձերի կրճատման մասին տեղեկությունը: «Գաղտնիք չէ, որ միջազգային շուկայում գնանկմամբ պայմանավորված իրենց ծրագրերը ստիպված են եղել վերանայել եւ ծախսերը հնարավորինս նվազեցնել գունավոր մետաղների արտադրությունում ներգրավված գործնականում բոլոր տնտեսվարողները: «Վալլեքս» խմբի ընկերությունները, մասնավորապես՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, բնականաբար չէին կարող զերծ մնալ այդպիսի միջոցառումներից եւ նույնպես որոշակիորեն նվազեցրել են ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերի վճարմանն ուղղվող»,- ասված է պատասխանում:
«Թեղուտ» ՓԲԸ-ից նաեւ նշել են, որ ընկերությունը գիտակցում է ծախսերի հետագա նվազեցման, աշխատավարձերի վճարմանն ուղղվող միջոցների հետագա կրճատման արդյունքում ընկերությունից մասնագիտական կարող ուժերի արտահոսքի, ազդակիր համայնքներում սոցիալական իրադրության վատթարացման եւ այլ անցանկալի հետեւանքների վտանգը: Եւ չնայած սրան՝ գունավոր մետաղների միջազգային շուկաներում ներկայում ձեւավորված գնային իրադրությունում ընկերությունը չի կարող երաշխավորել, որ ստիպված չի լինի ապագայում եւս նվազեցնել ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերի վճարման ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ պղնձի միջազգային գները վերջին մեկ ամսում որոշակի կայունացել են՝ մեկ տոննան 4500-ից 5000 դոլարի սահմաններում: Հաշվի առնելով սա՝ «Ժողովուրդ»-ը ընկերությունից հետաքրքրվեց՝ արդյոք գնային այս սահմանը բավարար է հանքավայրի շահագործումը եկամտաբեր կազմակերպելու համար՝ առանց աշխատակիցների թիվը կամ աշխատավարձերը կրճատելու:
Մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից նշել են հետեւյալը. «Հարկ է նշել, որ պղնձի մեկ տոննայի՝ 4500-5000 դոլարի միջակայքում տատանվող գինը հազիվ թե կարելի է համարել կայունացած. տնտեսվարողը կարող է, արտադրության ծավալներից, տարածքից եւ մի շարք այլ պայմաններից կախված, բավարար կենսունակ լինել 5000 դոլար գնի պարագայում եւ որեւէ հնարավորություն չունենալ գործունեությունը շարունակելու 4500 դոլար գնի դեպքում»:
«Ժողովուրդ»-ը ընկերությունից հետաքրքրվեց՝ պղնձի միջազգային գների անկման շարունակականության դեպքում ո՞ր գնային սահմանից սկսած հանքավայրի շահագործումը կարող է եկամտաբեր չլինել: Պարզվեց, որ յուրաքանչյուր կոնկրետ իրադրությունում այդ սահմանը կախված է մի շարք գործոններից եւ հստակ թիվ այսօր մատնանշել հնարավոր չէ: «Միջազգային շուկայում գունավոր մետաղների գների փոփոխությունները սինէրգետիկ ազդեցություն ունեն գործունեության տնտեսական միջավայրի վրա ընդհանրապես: Գների հետագա անկման եւ առավել ցածր մակարդակում կայունացման պարագայում մեծ հավանականությամբ կնվազեն գունավոր մետաղների արտադրության գործընթացում օգտագործվող սարքավորանքի, ծախսային նյութերի, տեխնիկայի եւ այլ ռեսուրսների գները, կփոփոխվեն առեւտրային եւ այլ պայմաններ: Արդյունքում կարող են ի հայտ գալ տնտեսումների, ֆինանսական միջոցների ներգրավման եւ այլ նոր հնարավորություններ, ստեղծվել պայմաններ, որոնք այսօր կանխատեսելի չեն»,- նշեցին «Թեղուտ» ՓԲԸ-ից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս