Ինչպես գիտենք, կառավարությունում քննարկումներ են գնում Արագածոտնի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում համայնքների խոշորացման ծրագրի շուրջ:
Այդ առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Խոշորացումն իրականացվել է ընդամենը փետրվարին, այսինքն փետրվարից մինչև հիմա անցել է 4 ամիս և հաջողությունների մասին դեռ վաղ է խոսել: Ես` որպես այլ համայնքի ղեկավար, որ առնչություն չունեմ խոշորացման ծրագրի հետ կարող եմ դատել արդեն իսկ խոշորացած համայնքների ղեկավարնների արձագանքներից»:
Ըստ Աբրահամյանի` խոշորացումն իրականացվում է բարի նպատակներով: «Հայաստանի նման փոքր պետության համար 900-ից ավել համայնքները, որոնք գոյություն ունեն, իսկապես շատ դժվար է կառավարել: Խոշորացումը դա կենսական անհրաժեշտություն է, ուղղակի խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով պետք է իրականացվեն այդ խոշորացումները: Ձևավորվելու են 4 փնջեր, ամեն փնջում միջինը 8-9 համայնքներ: Ամբողջ փնջի ազգաբնակչությունը լինելու է 3000-4000 բնակչությամբ համայնք: Այսինքն ամեն համայնքում միջինը բնակվում էր 200 մարդ: Ակնհայտ է, որ այստեղ խոշորացման անհրաժեշտություն կա, հատկապես Ամասիայի, Աշոցքի պես ծանր բնակլիմայական պայմաններ ունեցող համայնքների համար: Երևի կան զարգացման նպատակով որոշակի ծրագրեր, որոնք կնպաստեն այս փնջերի զարգացմանը: Երեխանների կրթությունը ապահովվելու համար կարծում եմ կստեղծվեն նորմալ դպրոցային պայմաններ որակյալ ուսուցիչներով, ոչ թե մեկ ուսուցիչ, որը ունի «ունիվերսալ» ֆունկցիաններ»:
Քաղաքապետի խոսքով` որոշակի ռիսկեր կան նաև եզդիաբնակ գյուղերը հայկական գյուղերին միացնելու հետ կապված: Ըստ նրա` կլինեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք թուլ չեն տա համայնքի ղեկավարներին իրենց լիազորությունները չարաշահել:
Լիդա Եղիազարյան