«Ալիեւյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն հետընթաց է ապրում: Բոլոր հայտարարություններն Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի»,- այսօր՝ հունիսի 20-ին, Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` Վեհաժողովին կոչ անելով զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:
«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու ալիեւյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը` վեհաժողովականների ուշադրությունը հրավիրելով հարեւան երկրում վարվող այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման, խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության եւ օրեցօր ահագնացող այլ բացասական երեւույթների վրա:
Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը եվրոպացի գործընկերներին, մասնավորապես, հիշեցրել է հունիսի 7-ին Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի /ՌԱԵՀ/ կողմից հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովն առանձնահատուկ անդրադարձ է կատարել հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող ատելության հրահրման քաղաքականությանը:
Ըստ զեկույցի` «…քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել:
… ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն հռետորաբանությանը»:
Զեկույցում հրապարակված հարցման արդյունքներով` Ադրբեջանի բնակչության 91%-ն ընկալում է Հայաստանը որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի եւ իրական ատելություն զգում այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է:
«Ադրբեջանի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մատնանշում են որպես թիվ մեկ թշնամի, եւ այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում»,- իր խոսքում նշել է Հերմինե Նաղդալյանը` դրա վառ օրինակ բերելով Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը հայ սպայի նկատմամբ: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է. «… որ իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել եւ աջակցել են Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու այն վտանգը, որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հանցագործների մոտ անպատժելիության զգացումը»:
Որպես այլատյացության ադրբեջանական քաղաքականության շարունակական դրսեւորում՝ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից կատարված սարսափելի հանցագործություններին, որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ սպային եւ կտրված գլուխը տեղադրել ինտերնետում, զինվորը, ով պատերազմական հանցագործություն է կատարել, խրախուսվել եւ աջակցություն է ստացել նախագահ Ալիեւի կողմից:
Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշել է, որ թեեւ Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել եւ դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից, ընդունվել է բանաձեւ Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ, որի ընթացում զեկուցողը ներկայացրել է այն հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում, այնուամենայնիվ ԵԽԽՎ-ի կողմից դա բավարար արձագանք չէ. «Մենք հետեւողական չեղանք կանգնեցնելու Ալիեւին, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործությունները»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:
Ի դեպ, Բյուրոյի զեկույցը ներկայացնող «Եվրոպական պահպանողականների» խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակել է որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց եւ՛ իր, եւ՛ դահլիճում ներկաների վրա: Բրիտանացի պատգամավորը կարեւորել է ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ ընդգծելով, որ դրանց մասին պետք է հետեւողականորեն բարձրաձայնել: