ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն ի՞նչ կարգով է հաշվարկվում, եւ կցանկանայի իմանալ նաեւ, թե ի՞նչ միջոցներից է վճարվում անաշխատունակության նպաստի գումարը:
Ելենա Հարությունյան (28 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Միաժամանակ հայտնում ենք, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի՝ ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաստներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Ի դեպ, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում: