Վստահությունը վերականգնվում է. ռուս քաղաքագետը՝ Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառնությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում և համաձայնության եկել ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Sputnik ռադիոկայանի ռուսական ծառայության եթերում ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զորինը:

Քաղաքական գիտությունների դոկտոր, ազգագրության և մարդաբանության Ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Զորինը Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունները կարևոր իրադարձություն է համարում:

«Անհրաժեշտ է նշել, որ դա լուրջ քայլ էր հակամարտության կարգավորման գործում, կարևորն այն է, որ մարդկային արյուն չի թափվում: Ավելի լավ է 20 տարի բանակցել, քան մեկ օր պատերազմել: Իհարկե, հստակ լուծումներ դեռևս չեն ընդունվել, սակայն դրանք կարող են ընդունվել հետագա բանակցային գործընթացի ժամանակ: Եվ այժմ հաստատվել է այդ գործընթացի շարունակումը: Ընդ որում, այդ բանակցությունների գլխավոր  խնդիրը վստահությունն է, որը խզվել էր վերջին իրադարձությունների ֆոնին: Եվ այս հանդիպումը ցույց տվեց, որ վստահությունը վերականգնվում է»,-ասել է նա:

Sputnik-ի եթերում Զորինը նշել է նաև նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման մասին որոշման կարևորությունը: «Ինչ վերաբերում է դիտորդներին, ապա դա դրական միջոց է: Դա խոսում է այն մասին, որ կա հստակ կառույց, որին վստահում են երկու կողմերը: Կարծում եմ, որ բանակցությունները կարող են դրական հեռանկար ունենալ: Կան որոշակի մշակումներ, որոնք, կարծում եմ, հաշվի կառնվեն տվյալ հարցի դիտարկման գործում»,-հավելել է քաղաքագետը:




Լրահոս