Հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1986թ.) Գառնիկ Գուրգենի Անանյանը (1934թ. հունիսի 22 – 2007թ. նոյեմբերի 20): Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, 2006 թ.-ից Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 1974 թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ:
Ծնվել է Իջևանում։ 1958թ.-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1958-1959թթ. աշխատել է Իջևանի «Լենինյան ուղիով» շրջանային թերթում, 1960-1961թթ.` ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմում որպես առաջին քարտուղար։ 1962-1965թթ. սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում։ 1965թ.-ից դասախոսել է Երևանի համալսարանում։
1965թ. «Հայ գեղարվեստական գրականությունը և քննադատությունը «Մուրճ» ամսագրում (90-ականթթ.)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1982թ. «Եղիշե Չարենց (կյանքի և ստեղծագործության պրոբլեմներ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1983թ.-ին) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
1977-1985թթ.-ին եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության դիրեկտորը։ Նախաձեռնել է «Ուսանողի գրադարան», «Հայագիտական հետազոտությունների մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերը։ 1985-1996թթ.-ին եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը, ապա ժուռնալիստիկայի ամբիոնի բազայի վրա ստեղծել ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որի դեկանն էր մինչև մահ։
Եղել է «Ժուռնալիստիկա» տարեգրքի խմբագիրը։