ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ օտարերկրացին ի՞նչ կարգով կարող է բողոքարկել կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը: Եվ ուզում եմ իմանալ՝ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում որքա՞ն ժամանակ անց նա կրկին կարող է դիմել համապատասխան մարմին:
Հովհաննես Ստեփանյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով: Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, օրինակ, եթե նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ) կամ դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար: