ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթը երեկ` ողջ օրը, քննարկվում էր ինչպես միջազգային, այնպես էլ տեղական լրատվամիջոցներում: Սահակաշվիլին, հիշեցնենք, ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից անդրադարձել էր Վլադիմիր Պուտինի կայսերապաշտական նկրտումներին` նշելով, որ «Եվրասիական միության գաղափարը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի կողմից` որպես ԵՄ-ի այլընտրանք եւ իր նախագահական նոր ժամկետի ծրագիր»: Նա նաեւ հիշատակել էր Ղարաբաղի հարցում Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը. «Կարծում եք` Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը վերջնական հաղթանա՞կ տանի Ադրբեջանի նկատմամբ: Իհարկե ոչ, այդ հաղթանակը Հայաստանին կդարձնի չափազանց ուժեղ եւ չափազանց անկախ: Կարծում եք, հակառակը, Մոսկվան ձգտում է նրան, որ Բաքո՞ւն հաղթանակ տանի Երեւանի նկատմամբ: Ակնհայտ է, որ կրկին ոչ, Ադրբեջանի այսօրվա աճն ու արդիականացումը Ռուսաստանի ղեկավարության մղձավանջն են: Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունում որեւէ մեկը հաղթի, հենց հակամարտությունն է նրա նպատակը, քանի որ այն ազգերին թույլ չի տալիս անկախանալ»: Սահակաշվիլու այս հայտարարությանը, բնականաբար, հետեւեց ռուսների կոշտ հակադարձը ամենատարբեր հարթություններում: Ուշագրավ է, սակայն, որ Սահակաշվիլու` Ռուսաստանի հասցեին հնչեցված «թթու» խոսքերը հերքելու հարցում իրենց օպերատիվությամբ հետ չմնացին նաեւ ՀՀ իշխանությունները: Ընդամենը ժամեր անց ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը շտապեց հայտարարել, թե իրենք որքան բարձր են գնահատում ԵԱՀԿ միջնորդ երկրների, եւ, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ով է Սահակաշվիլին, թե նրա պաշտոնավարման ընթացքում որքանով է Վրաստանը վարել հակահայկական քաղաքականություն, փորձենք հասկանալ` արդյոք նրա ասածը ճիշտ չէ: Ընդամենը վերջին երեք ամսվա ընթացքում Ադրբեջանին հարձակողական նշանակության զենքի վաճառքի երկու խոշորագույն գործարքները եւ դրան զուգահեռ Հայաստանում սեփական ռազմաբազայի ամրապնդման աշխատանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը մի ձեռքով Ադրբեջանին է զինում, մյուսով ուժեղացնում Հայաստանի ռազմական պոտենցիալը: Հարց է ծագում` որն է նպատակը, եթե ոչ հակամարտությունն ինքնին: Եվ այն փութաջանությունը, որով Շարմազանովը արձագանքեց Սահակաշվիլու հակառուսական հայտարարություններին, մեղմ ասած, տխուր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն Շարմազանովը եւ նրա գործընկերները երեկ՝ ողջ օրը, բերանները ջուր առած, այդպես էլ որեւէ բառ անգամ չասացին իրենց գործընկերոջ, ՀՀ քաղաքացու, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա ռուսական «էֆեսբեշնիկների» հարձակման կապակցությամբ: Լավ, հասկացանք, որ չեք կարող ռուսների հասցեին որեւէ «թթու» բառ ասել, բայց գոնե լռե՛ք, երբ ձեր փոխարեն դա անում է հարեւան երկրի ղեկավարը:




Լրահոս