ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱԴՈՒԼ
Երեկ՝ առավոտյան, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Հրազդանի երկաթուղային կայարանի ավելի քան 40 աշխատակիցներ գործադուլ են անցկացրել՝ ի պաշտպանություն իրենց նախկին տնօրեն Հակոբ Ստեփանյանի: Պատճառն այն է, որ մոտ քսան օր առաջ ընկերությունը Ստեփանյանին ազատել է աշխատանքից: Սակայն աշխատակիցները պնդում են, որ տնօրենին անհիմն են ազատել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Հրազդան» կայարանում մահվան ելքով դժբախտ պատահար էր տեղի ունեցել: Կայարանի հերթապահ Ա. Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղը, իր գործընկեր Ս. Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում՝ ղեկին գտնվող Ս. Սիրունյանը վրաերթի էր ենթարկել Ա. Խաչատրյանին, վերջինս ընկնելով գլխի վնասվածք էր ստացել ու մահացել: Ընկերության մամլո խոսնակ Վահե Դավթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տնօրենին աշխատանքից ազատելը կապված է եղել այս դեպքի հետ. «Սա միանշանակ պարոն Ստեփանյանի բացթողումն էր որպես կայարանապետ: Նա պետք է հետեւեր եւ թույլ չտար, որ աշխատակիցներն այդ ժամին զբաղվեին որեւէ անձնական հարցերով: Պարոն Ստեփանյանին առաջարկվել է այլ աշխատանք՝ ճանապարհային տեսուչ, որը ոչնչով չի զիջում կայարանապետի պաշտոնին, նույնիսկ աշխատավարձն էլ ավելի բարձր է»: Ստեփանյանը չի ընդունել առաջարկը, իսկ աշխատակիցները դադարեցրել են գործադուլը:

ԻՇԽԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ
Սեպտեմբերի 10-ին ձերբակալված, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի քեռու որդին է: «Օպերատիվ»-ի տվյալներով` ՎՊ նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի նրան ազատ արձակեն, սակայն դեպքը բավական ծանր է:   Խոսքը մահացած զինվորի մորից գումար պահանջելու մասին է:

ԸՆԴԴԵՄ ՏՈՆՈՒՍԻ
Այսօր տեղի է ունենալու Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչներն ընդդեմ «Տոնուս» ընկերության  գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ի կողմից նշված շենքերի ավելի քան 160 խաբված  բնակարանատերեր պայմանագիր էին կնքել ընկերության հետ: Նրանք վճարել էին գումար եւ պետք է մինչեւ 2010թ. սկիզբը ստանային իրենց բնակարանները, սակայն մինչեւ հիմա չեն ստացել: Նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ
Մոտ մեկ շաբաթ է, ինչ սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները նստացույց են անցկացնում Հանրապետության հրապարակում: Երեկ պարզ դարձավ, որ նրանց աջակցելու եւ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջին միացել են նաեւ մարզերի ազատամարտիկները: Ի դեպ, Վ. Ավետիսյանի ազատության պահանջով կազմակերպվել է ստորագրահավաք, որը կարող են ստորագրել միայն ազատամարտիկները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ Վ. Ավետիսյանն ազնիվ է եւ այս ամենի հետ ամենեւին էլ կապ չունի. «Նրան ապօրինաբար են ձերբակալել»: Սեպտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում ասուլիս է կազմակերպվելու ազատամարտիկի ձերբակալության թեմայով:




Լրահոս