ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ինչպե՞ս կարող եմ ստանալ:
Օֆելյա Հայրապետյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրացիները՝ կենտրոնական մարմին:
Հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին եւ օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին՝ նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար: Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում:
Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել ՀՀ սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների եւ որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից: Ի դեպ, 2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մանկատներից որդեգրվել է 64 երեխա, որոնցից 31-ն աղջիկներ են: